Վաղը՝ մարտի 23-ին ժամը 10։00-ին, Կառավարության շենքի մոտ բողոքելու են գալու Մեղրիում ծառայող զինվորների հարազատները։ Ինչպես Epress.am-ին պատմել է մայրերից մեկը, նա մի քանի օր լուր չի ունեցել որդուց, որին գտել է կալանքի տակ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում։
Երկու օր առաջ կինը հանդիպել է որդուն և պարզել, որ գնդի մի քանի հարյուր զինվորներ դրանից մոտ մեկ շաբաթ առաջ ապստամբել են սպաներից մեկի վարքի դեմ, բոլորով լքել են զորամասը և վերադարձել՝ հետևելով հրամանատարի հորդորներին։ Նույն օրը՝ կեսգիշերին մոտ գունդը շարում են, մեջից ընտրում են 20 զինվորի, պատռում համազգեստները և ավտոբուսով ուղարկում Կապանի Ռազմական ոստիկանություն, որտեղից մի մասին ուղարկում են Ստեփանակերտ։
Ծնողի տվյալներով, նրանց, ովքեր մնացին Կապանում, սպառնում են դատով, մնացածին որպես պատիժ կբաշխեն առաջնագծի զորամասերով։
Տեսանյութում կինը մանրամասնում է գնդի սպաների այլ ապօրինությունների մասին։
Պարզաբանումների համար այսօր ցերեկը Epress.am-ը փորձել է կապ հաստատել Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, սակայն նրա բջջային և քաղաքային համարները չէին պատասխանում։
Ավելի ուշ զինվորի մայրը կապ է հաստատել կալանավորված մյուս զինվորների ծնողների հետ, ում երեխաները ահազանգել են, որ ամեն պահի իրենց կարող են տեղափոխել այլ տեղեր։ Ծնողներից ոմանք Երևանից չեն և չեն կարող վաղը գալ բողոքի Կառավարության շենքի մոտ ֆինանսական պատճառներով։