Եվրոպական այլընտրանք չկա․ ձկնաբույծները պահանջում են իրական լուծումներ
Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբույծներն ու ձուկ արտահանող ընկերությունների աշխատողներն առավոտյան հավաքվել էին Կառավարության շենքի մոտ»։ Նրանք փակ հանդիպում էին պահանջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Հայաստանում տարեկան 28 տոննա ձուկ է արտադրվում, որը մեծամասամբ արտահանվում է Ռուսաստան։ Ձկնաբուծարանները, վերամշակող գործարանները և արտահանող ընկերությունները հիմա եկամուտ չեն ապահովում, բայց մեծ գումարներ են ծախսում ձուկը ավազաններում պահելու և իրենց վարկային պարտավորությունները մարելու վրա։ Ոլորտում մինչև երեք հազար աշխատող կա, և մեծ մասը պարապուրդի մեջ է։
«Հայաստանում ինչքա՞ն պիտի վաճառենք, եթե բնակչությունը երեք միլիոնից քիչ է և ձուկ ուտելու կուլտուրա չունի։ Մանր ու միջին ձկնաբուծարանները հիմա փակվելու եզրին են, որովհետև ֆինանսական բարձիկ չունեն։ Վաճառք չենք ապահովում, բայց փող ենք ծախսում ձկան կեր առնելու, թթվածնով հագեցնող սարքերը միացրած պահելու, վարկերի տոկոսները փակելու վրա», — ասում է ձկնաբույծներից մեկը։
Կառավարությունը սուբսիդիաներ է առաջարկում միայն արտահանողներին՝ իշխանի յուրաքանչյուր կիլոգրամի համար 820, իսկ թառափի՝ 1350 դրամ։ Քանի դեռ արտահանման շուկա չկա, հաստատված սուբսիդիաներն անիմաստ է։
«Դեռևս 2025 թվականին Եվրամիությունը թույլատրեց Հայաստանից ձուկ և ձկնամթերք ներմուծել։ Խի՞ չէր դա արվում։ Որովհետև կանոնակարգերը մշակված չէին։ Տնտեսվարողներ կան, որ դեռ անցած տարի դիմել են Թրեյսիս համակարգում գրանցվելու համար։ Մինչև այսօր նույնիսկ գրանցումը չի արվել։ Մենակ հայտարարելով ու կառավարության որոշում ընդունելով այդ հարցը չի կարող լուծվել», — ասում է Ձկնաբույծների միության տնօրեն Գոռ Գրիգորյանը։
«Չունենք եվրակոդ, սանիտարական վերահսկողության տեղական մարմինները եվրոպական սերտիֆիկատներ չեն տալիս, միասնական համակարգում մեզնից ոչ մեկ գրանցված չի։ Նոր-նոր ընթացակարգեր են մշակում, — պատմում է ձկնաբույծ Արսեն Հայրապետյանը․ — Գումարած դրան՝ կան լոգիստիկ խնդիրներ։ Որպեսզի հասնենք Եվրոպա, պիտի անցնենք մի քանի երկրներով, ճանապարհածախս անենք և վճարենք տուրքեր։ Հայկական ձկան ինքնարժեքն առանց դրա էլ բարձր է։ Մենք չենք կարող մրցել Եվրոպական արտադրողների կամ այնտեղ հաստատված ներմուծողների հետ»։
«Էս պահի դրությամբ ես մարդ չգիտեմ, որ Եվրոպա արտահանի։ Չկա նման բան։ Մենք շատ լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ ենք կանգնած, բայց միայն վերացական խոսքեր ենք լսում», — ասում է Ձկնաբույծների միության վարչության անդամ Արմեն Կարապետյանը։
Ռուսական սահմանափակումներից հետո Եվրամիությունը 52 միլիոնի օգնություն է ուղարկել Հայաստան։ Ձկնաբույծներն առաջարկում են այդ գումարը չմսխել ժամանակավրեպ ընթացակարգեր մշակելու վրա, այլ բաշխել որպես հրատապ աջակցություն տնտեսվարողներին՝ սուբսիդավորվող վարկեր կամ վարկային արձակուրդներ, կոմունալների փոխհատուցում, ձկան կեր։ Պիտի ժամանակ շահեն մինչև Ռուսաստանը վերացնի սանկցիաները։
«Եվրոպայում մենք սենց թե նենց մրցունակ չենք։ Այնտեղ քվոտավորման համակարգ է գործում, ժամանակի ընթացքում գուցե սիմվոլիկ քվոտա սահմանեն նաև Հայաստանի համար, բայց դա չի փոխարինելու ռուսական շուկան, — ասում է Արսեն Հայրապետյանը․ — Ռուսաստանում ձկան դեֆիցիտ կար նորվեգական սանկցիաներից հետո, և մենք այս բացը լրացնում էինք։ Հիմա մեր տեղը զբաղեցնում են թուրքական ու իրանական արտահանողները։ Անցած տարի 270 միլիոն դոլար վալյուտա է մտել Հայաստան ձկան վաճառքից Ռուսաստանում։ Ոլորտում մինչև երեք հազար աշխատող կա, գումարային տվել ենք մոտավորապես 3․5 միլիարդ դրամի հարկ»։
Ռոսսելխոզնադզորն արգելել է հայկական գյուղմթերքի և ձկնեղենի ներմուծումը մայիսի վերջին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ռուսաստանը պահանջում էր Հայաստանից դադարեցնել եվրաինտեգրմանն ուղղված քայլերը, որոնք կապվում են իշխող կուսակցության քաղաքական կուրսի հետ։ Ընտրությունների նախաշեմին ներկայացված վերջնագրի տակ ստորագրել էին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները․ Հայաստանի կառավարությունից նրանք պահանջվում էին հանրաքվե նախաձեռնել Եվրոպական Միությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով։ Այդ պահանջը ընտրություններից հետո վերահաստատվեց նաև ՌԴ ԱԳՆ-ի կողմից։
տե՛ս Հայաստանի եվրոպանալը Ռուսաստանին մասամբ զրկեց ծաղիկներից և կոնյակից
Ընտրություններից առաջ ռուսական պատժամիջոցները քննարկվում էին հիմնականում որպես քվեարկության արդյունքների վրա ազդելու միջոց, բայց ընտրություններից հետո դրանք միայն շարունակեցին ընդարձակվել։
տե՛ս Սկսվեց խաղաղությամբ, ավարտվեց գեոպոլիտիկայով
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Epress.am-ը դիմել էր մրցակցող կուսակցությունների ներկայացուցիչներին՝ խնդրելով պատասխանել, թե ինչպես են նրանք պատկերացնում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը։ Բայց այդ պատասխանները անընդհատ հնչում են նաև հրապարակավ։ «Քաղաքացիական պայմանագիրը» խոսում է խնդիրները Ռուսաստանի հետ գործընկերային միջավայրում քննարկելու և, զուգահեռաբար, այլընտրանքային շուկաներ դուրս գալու անհրաժեշտության մասին, իսկ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը քննադատում են նրան ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները միտումնավոր փչացնելու և հասարակության եվրոպամետ պատրանքներ հրամցնելու համար։
Այս բանավեճը ոչ մի հույս չի ներշնչում տնտեսվարողներին, որոնք գեոպոլիտիկ ճգնաժամի համար վճարում են սեփական գրպանից։ «Կառավարության առաջարկած լուծումները չեն աշխատում, իսկ թե ինչ են ասում ընդդիմադիրները՝ հիմա մեծ նշանակություն չունի», — Epress.am-ին ասում էր ցույցի եկած ձկնաբույծներից մեկը։
P.S. Բողոքի ակցիայից մոտ 5 ժամ անց էկոնոմիկայի նախարարն ընդունել է ձկնաբույծներին և խոստանացել ժամանակավոր աջակցության նոր ծրագիր շրջանառել ամենաուշը երկու օրից: