Հայաստանից ձուկ ուզող չկա
Ռուսական սանկցիաների պատճառով Արարատյան դաշտավայրի ձկնաբուծարանները և ձկնամթեր արտահանող հայկական ընկերությունները սնանկացման եզրին են։
Հայկական իշխանի և թառափի մոտ երկու երրորդն արտահանվում էր, և արտահանման ավելի քան 90 տոկոսը բաժին էր հասնում ռուսական շուկային։ Թեպետ Հայաստանի Կառավարությունը դեռ անցած տարի էր հայտարարել, որ եվրոպական շուկան կբացվի տեղական ձկնաբուծարանների և լոգիստիկ ընկերությունների առաջ, էքսպորտի իրական հնարավորություններ Արևմուտքում չկային։
«Բիզնեսի համար նախընտրելի է ունենալ դիվերսիֆիկացված իրացում։ 10-15 տարի մենք սպառման այլընտրանքային շուկաներ ենք փնտրել, բայց միշտ եղել են օբյեկտիվ խոչընդոտներ», — Epress.am-ի հետ զրույցում ասել է տնտեսվարող Արսեն Հայրապետյանը։
Հարևան Իրանում հայկական ձուկը մրցունակ չէ, Թուրքիան ինքն է ձկան խոշոր արտահանող, Եվրոպական շուկան հասանելի չէ միաժամանակ մի քանի պատճառով․
«Չունենք եվրակոդ, սանիտարական վերահսկողության մարմինները եվրոպական սերտիֆիկատներ չեն տալիս։ Սրան գումարվում են լոգիստիկ խնդիրները։ Որպեսզի հասնենք Եվրոպա, պիտի անցնենք մի քանի երկրներով, ճանապարհածախս անենք և վճարենք տուրքեր։ Սա ազդելու է գնագոյացման վրա։ Իսկ հայկական ձկան ինքնարժեքն առանց այդ ազդեցության էլ բարձր է։ Մենք չենք կարող մրցել Եվրոպական արտադրողների և այնտեղ հաստատված ներմուծողների հետ»։
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Նորվեգիան ձուկ չի արտահանում Ռուսաստան։ Հայաստանի տնտեսվարողները արդեն մի քանի տարի այնտեղ թարմ թառափ և սառեցված իշխան էին վաճառում սովորականից շահավետ գներով։ «Անցած տարի 270 միլիոն դոլար վալյուտա է մտել Հայաստան ձկան վաճառքից Ռուսաստանում։ Ոլորտում մինչև երեք հազար աշխատող կա, գումարային տվել ենք մոտավորապես 3․5 միլիարդ դրամի հարկ», — ասում է Հայրապետյանը։
Նրա ձկնաբուծարանը մոտ 15 հազար քառակուսի մետր տարածքով ավազաններ ունի և համարվում է միջինից փոքր արտադրություն, բայց անցած տարի 150-200 տոննա ձուկ է բուծել՝ գերակշիռ մասը վաճառելով խոշոր արտահանողներին․
«Նույնիսկ ներքին շուկան կախված է արտահանումից։ Տեղում սպառումը չնչին ծավալի է։ Արդեն ինքնարժեքից էժան է վաճառվում։ Դա նշանակում է, որ մյուս տարվա համար ոչ մեկ չի արտադրելու այնքան, որքան արտադրում էր առաջ։ Հատկապես մանր ու միջին ձկնաբուծարանները կանգնած են փակվելու եզրին, որովհետև պարապուրդի համար փող չունեն։ Ֆիքսելու են վնասները և դուրս գան ոլորտից»։
Խոշոր ընկերությունները, օրինակ՝ «Մաքս ֆիշը», առաջ ներքին շուկա չէին մտնում, որպեսզի չխեղդեն մանր արտադրողներին։ Հիմա նրանց գործն էլ է կանգնած․ «Եթե մեծ բիզնեսը թեքվի դեպի ներս, ներքին շուկան պայթելու է»։
Հուլիսից պետական աջակցության ծրագրում ընդգրկվել են իշխան և թառափ արտահանողները։ Կառավարությունը նրանց տրամադրում է փոխհատուցում՝ իշխանի յուրաքանչյուր արտահանված կիլոգրամի համար 820, իսկ թառափի՝ 1350 դրամ։ Աջակցությունը հաստատվում է մեկ ամսով։
«Լավ որոշում է, եթե աշխատի, բայց չի աշխատում։ Նախ՝ արտահանելու տեղ չկա։ Մյուս կողմից, կա ժամկետների խնդիր։ Օրինակ, ես պարտնյոր ունեմ Վրաստանում և կարող եմ չնչին ծավալների էսքպորտ ապահովել, բայց ընդամենը մեկ-երկու ամսվա համար այնտեղի իրացնողները նոր գործարքների մեջ չեն մտնելու։ Մյուսը՝ որոշում կայացնելուց նրանք հիմնվել են չոր վիճակագրության վրա, նայել են, որ նախկինում թարմ թառափ էինք արտահանում և սառեցված իշխան, և որոշել են, որ սուբսիդիա կտան միայն թարմ թառափին և սառեցված իշխանին։ Դեպի Ռուսաստան ճանապարհը երկար է, կենդանի իշխանը փոքր ակվարիումի մեջ չի դիմանում։ Իսկ Վրաստանի ճանապարհը կարճ է։ Ո՞վ է Վրաստանում սառեցված իշխան առնելու։ Իրենք սովոր են թարմ ձուկ ուտել։ Բայց աջակցության այս ծրագրով կենդանի իշխան տանել չես կարող», — ասել է տնտեսվարողը։
Եթե արտահանման շուկա չկա, հաստատված սուբսիդիաները անիմաստ են։ Տնտեսությունը փլուզումից փրկելու համար կառավարությունը, ըստ նրա, պետք է նախ ճգնաժամային աջակցություն տրամադրի արտադրողներին։ Ձկնաբուծարանները վաճառք չեն ապահովում, բայց մեծ գումարներ են ծախսում ձկան կեր առնելու, թթվածնով հագեցնող սարքավորումները միացված պահելու, հոսանքի, վարկային պարտավորությունները մարելու վրա։ Աշխատողները պարապուրդի մեջ են։
Կառավարության այսօրվա նիստին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե Եվրամիության երկրներ սառեցված կամ վերամշակված ձուկ և ձկնամթերք արտահանելու իրավական հնարավորություն է ստեղծվել։
«Պարտադիր պայման է տնտեսությունների կամ կազմակերպությունների՝ ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցված լինելը, ինչպես նաև ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։ Համաձայն ԵՄ օրենսդրության՝ այդ համակարգում կազմակերպություններին պետք է գրանցի տվյալ երկրի լիազոր մարմինը, մեր դեպքում [դա պիտի լինի] ՍԱՏՄ-ն։ [Առաջարկվող] նախագծով սահմանվում է գրանցման պարզ, թափանցիկ և միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ», — նշել է Պապոյանը, ըստ որի՝ հայկական 5 ընկերություններ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել և սպասում են այս որոշմանը։
Բայց Epress.am-ի զրուցակիցները եվրոպական այլընտրանքին չեն հավատում․ «Եվրոպայում կա քվոտավորում, գուցե սիմվոլիկ ծավալ ապահովեն։ Գնի առումով մենք մրցունակ չենք»։
Ռուսաստանը արգելել է հայկական ապրանքների ներմուծումը մայիսին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Պատրվակը սանիտարական նորմերի խախտումն էր։ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» տեսուչները ժամանել էին Հայաստան, որպեսզի ստուգումներ անեն տեղական 4 ձկնաբուծարաններում։ Հայտարարվել էր, որ «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ները հաղթահարել են դրանք և կկարողանան արտադրանք ներմուծել Ռուսաստան։
«Եկան, իրենց աչքով տեսան։ Գոհ ու շնորհակալ էին։ Ոչ մի խնդիր չեն հայտնաբերել։ Երկու օր հետո ստացանք հաղորդագրություն, որ «ՄՖ էքսպորտ» և «Ինվեստ պլյուս» ընկերություններին թույլատրվում է իրենց կողմից մշակված ձուկը արտահանել Ռուսաստանի Դաշնություն։ Ուրախացանք, եղածը լցրեցինք ֆուռեր, ուղարկեցինք, բայց էդ էլ հետ եկավ։ Փակեցին։ Ասում են՝ չենք ուզում ու վերջ։ Չեն ուզում, որ Հայաստանից ձուկ ներմուծվի Ռուսաստան։ Իրենք էլ չգիտեն, թե ինչու։ Թող ասեն՝ ինչը չի համապատասխանում, տեղում համապատասխանեցնենք։ Բայց նման հարց չի եղել ձկան մասով։ Որևէ խնդիր չի հայտնաբերվել», — Epress.am-ի հետ զրույցում ասել է «ՄՖ էքսպորտի» արտադրության տնօրեն Արամ Մանուկյանը։
Միայն «ՄՖ Էքսպորտը» անցած տարի մոտ 3500 տոննա ձկնեղեն է տարել Ռուսաստան։ Մայիսի 13-ից պարապուրդի մեջ է նաև ընկերության վերամշակող գործարանը, որը 60-ից ավել աշխատող ունի։ Լոգիստները սպասում են սահմանափակումների վերացմանը։ Ընկերությունը էլ ձուկ չի առնում արտադրողներից։
Մրգավաճառները, օրինակ, պատժամիջոցները փորձում են շրջանցել՝ ապրանքը վերագրանցելով Իրանում և Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքով արտահանելով Ռուսաստան։ Սա մեծ ծախսեր է պահանջում և ռիսկային է, քանի որ կարող է չստացվել։ Ձկնավաճառների համար այս սխեման հասանելի չէ։ «Մենք մրցակիցներ ենք Իրանի ու Թուրքիայի հետ, նրանք մեր ապրանքը տրանզիտ անելու փոխարեն հիմա սեփական ձկան արտահանումն են մեծացնում», — ասում է մեկ այլ լոգիստիկ ընկերության մենեջեր։ Եթե Ռուսաստանը հանի ներմուծման արգելքը, հայ բիզնեսմենները ստիպված են լինելու վերայուրացնել շուկան, որում հիմա նոր խաղացողներ են հաստատվում։
Ավազաններում պահվող ձուկը հիմա կարող է անկել՝ ասում է Ձորակ համայնքում գործող մեկ այլ ձկնաբուծարանի աշխատող Ռաֆայել Վարդանյանը։ «Եթե վաճառք չկա, ավազաններում տեղ չի ազատվում։ Մանրաձուկը մեծանում է, բասեյինները լցված են, տեղափոխելու տեղ չունենք։ Նաև կերի խնդիր կա»։
Սրան գումարվում է նաև Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված օրենքը, որով ձկնաբուծարանների ջրառը սահմանափակվելու է 36․5 տոկոսով։ Արդեն մի քանի տարի է ձկնարտադրողների և ձկնարտահանողների միությունը պայքարում է այս սահմանափակման դեմ։ Կառավարության նույնաբովանդակ որոշումը կասեցրել էին դատարան դիմելով։ Բայց ընդունված օրենքը շրջանցել չեն կարողանալու, և ստիպված են լինելու կրճատել արտադրությունը։