2026 թ. հուլիս 21, երեքշաբթի

Որ երևանցին մուֆթա կգա Արմանիս և Ուրասար

«Սամագար» ՓԲԸ-ն հանրային քննարկում էր հրավիրել Ստեփանավանում, Արմանիսում և Ուրասարում՝ ցանկանալով տեղի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերին երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով։

Հանքի վերաբացման և ընդլայնման դեմ արտահայտվողները պնդում են, որ առողջական և բնապահպանական վնասները ավելի մեծ են, քան նոր աշխատատեղերից ակնկալվող օգուտները։ Կողմնակիցներն ասում են, որ տուրիզմը և գյուղատնտեսությունը այլընտրանք չեն ստաբիլ ռոճիկով աշխատանքին․ տուրիստները քիչ են, եղած հյուրանոցներին տեղացիները պետք են որպես էժան չգրանցված աշխատուժ, իսկ կով պահելը, 1 լիտր կաթը 150 դրամով հանձնելը ավելի մեծ տառապանք է․ մարդիկ ճռռում են վարկերի տակ, արտագաղթը խորանում է։

Դեմ խոսացողները ուսումնասիրությունների արդյունքներ են մեջբերում․ օդը և ջուրը մարզում արդեն իսկ աղտոտված է թունավոր նյութերով և ծանր մետաղներով, օնկոլոգիական հիվանդությունների թիվը բարձր է, Հայատսանում գործող հանքերի աշխատակիցները պաշտպանված չեն և աշխատում են անմարդկային պայմաններում, շրջակա բնակավայրերը միևնույն է մնում են անմխիթար վիճակում։

Կողմնակիցները հակադարձում են, որ բնապահպաններն անհաղորդ են տեղացիների խնդիրներին, իսկ եկածների ակտիվությունը պայմանավորված է գրանտներով։ Նրանք հավատում են, որ ընկերությունը կկատարի իր խոստումը և գործի կվերցնի չորս հարյուր հոգու՝ թեկուզ մի քանի տարով։