Դեբեդ գետի երկայնքով մեկ չռեկուլտիվացված փոչամբարներ են և բաց հանքախորշեր, գործող հանքերը պոչանքները պարբերաբար լցնում են գետը։ Այգիներն ու դաշտերը ոռոգվում են Դեբեդի աղտոտված ջրերով։ Ծանր մետաղների պարունակությունը հողում, ջրում, գյուղմթերքի և մարդկանց մարմինների մեջ տասնյակ անգամներ գերազանցում է թույլատրելի նորմերը։ Հետևանքները՝ ուռուցքներ, քաղցկեղներ, չորացած այգիներ և լքված դաշտեր։
Տեղացիներն ամենաշատը բողոքում են Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտահոսքերից։ Հանքարդյունահանող ընկերությունը լավագույն դեպքում տուգանվում է 200 հազար դրամով։ Քրեական գործերը մնում են անվերջանալի նախաքննության փուլում։
Վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ Ախթալայի կոմբինատի տնօրենն իր աշխատակցի միջոցով կաշառել է ստուգման եկած տեսուչին Դեբեդ գետից վերցրած ջրի նմուշները կեղծելու դիմաց։ Փոխարինված նմուշների հետազոտության արդյունքում արձանագրվել է, թե Դեբեդի ջուրը միջին որակի է ու կարող է օգտագործվել ոռոգման նպատակով։ Տեսուչը հիմա տնային կալանքի տակ է, մյուսները՝ ազատության մեջ:
Տարիներ առաջ «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» տեղական կազմակերպությունը միջազգային անկախ փորձաքննություն էր պատվիրել՝ չափելու Ախթալայում և հարակից բնակավայրերում հանքարդյունաբերության ազդեցությունը։
Միջազգային փորձագետներն անթույլատրելի չափի վնասակար նյութեր՝ ցինկ, բորիում, մկնդեղ, պղինձ և այլ ծանր մետաղներ էին հայտնաբերել հողում, ջրում, մթերքի և մարդկանց արյան մեջ։ «Հայաստանի չափորոշիչով 1 կիլո հողի մեջ մկնդեղի թույլատրելի շեմը մինչև 0,2 միլիգրամ է։ Ճոճկանում և Մեծ Այրումում, օրինակ, փորձագետները 1 կիլո հողի մեջ մինչև 0,70-0,80 միլիգրամ մկնդեղ էին հայտնաբերել», – Epress.am-ին ասել է կազմակերպության ղեկավար, բնապահպան Օլեգ Դուլգարյանը։
Չեխական ընկերության կատարած այս հետազոտության հիման վրա անցած տարի հարակից գյուղերի մի քանի տասնյակ բնակիչներ դատի էին տվել Ախթալայի հանքարդյունաբերող ընկերությանը իրենց առողջական ու տնտեսական վնասներ պատճառելու համար: Տարածաշրջանը հայտնի է հատկապես քաղցկեղի և շագանակագեղձի հիվանդությունների տարածվածությամբ։ Դատարանը դեռ քննում է գործը:
Բայց կոմբինատի արտանետումները միակ պրոբլեմը չեն։ Ալավերդիում և Ախթալայում հանքախորշերն ու թափոնակույտերը շատ են, մի մասն արդեն վաղուց պատկանում է պետությանը։
«Դեբեդ գետի աղտոտման ավազանում կա, օրինակ, Ձորագետը, որը աղտոտվում է Արմանիսի չշահագործվող հանքավայրից։ Այնտեղ դրենաժներ են առաջանում, որոնք խառնվում են Դեբեդի վտակ Ձորագետին։
Հիմա գալիս ենք Ալավերդի․ Ալավերդիում կան չօգտագործվող հանքախորշեր և չռեկուլտիվացված թափոնակույտեր, և դրանք լցված են ձորերով մեկ, շարունակական դրենաժի մեջ են, յուրաքանչյուր անձրևի ժամանակ լցվում են գետը։ Ալավերդիում է գտնվում նաև մկնդեղի գերեզմանոցը՝ սովետական կոնստրուկցիա, որի պատերը արդեն կապտած-կանաչած են։ Անձրևների ժամանակ դա էլ է բնականաբար գետին խառնվում։
Գալիս ենք Ախթալայի շրջան․ այստեղ կա Նահատակի ակտիվ պոչամբարը, որտեղ երբեմն վթարներ են լինում (վերջին խոշորը 2023-ին է եղել), Ախթալայի ամբողջ ձորն էլ՝ ընդհուպ մինչև Շամլուխ, թափոնակույտերի մեջ է, և այդ թափոնակույտերի միջով հոսում է Ախթալա գետակը, որը անմիջապես մտնում է Դեբեդ։ Կա նաև անորակ ռեկուլտիվացված Նազիկի պոչամբարը և Պայթուցիկների ձորի պոչամբարը, որը ռեկուլտիվացված էլ չէ։ Դրանք էլ են անընդհատ «աշխատում»։
Հաջորդը Թեղուտի հանքավայրն է․ թե որքանով է այն այս պահին աղտոտում գետը՝ չեմ կարող ասել, բայց գյուղացիները նշում են, որ նաև այնտեղից են կեղտոտ ջրեր դուրս գալիս։
Այսինքն՝ հսկայածավալ աղբյուրներ են այստեղ, և մի պոչամբար փակելով մենք խնդիր չենք լուծում։ Գումարած դրան՝ կան հանքախորշեր և թափոնակույտեր, որոնք տերը պետությունն է։ Դրանք ժառանգություն են մնացել պետությանը, և այլևս որևէ ընկերությանը չեն պատկանում։ Պետությա՛ն խնդիրն է այդ թափոնակույտերը ռեկուլտիվացնելը», – Epress.am-ին պատմել է Դուլգարյանը։
Նրա ղեկավարած կազմակերպությունը մեդիա-արշավ էր կազմակերպել, որին մասնակցում էին Դեբետին հարակից գյուղերի ֆերմերները։ Մարդիկ բողոքում էին հանքերից, ջրի որակից, հիվանդություններից, անցած տարվա մեծ ջրհեղեղի հետևանքներից։ Ջրհեղեղը նրանք համարում են մարդածին աղետ․ սովետական դամբերը ոչնչացվել են, գետի հունը նեղացվել է ապօրինի շինարարության արդյունքում, կա նաև ՀԷԿ-երի խնդիր։ Փոխհատուցումը, որը տրվել է գյուղացիներին ոչնչացված այգիների համար, բավարար չէ․ առջևում մայիս է, Դեբեդը նորից վարարելու է։ Ի՞նչ է արվել նոր ջրհեղեղը կանխելու համար՝ ոչ ոք չգիտի։
Մանրամասները՝ տեսանյութում․