Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, խախտելով պարտավորությունները, 2018 թվականից առ այսօր չի սկսել իր կողմից շահագործվող «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքները։ Այս մասին ահազանգում են հայաստանյան բնապահպանական խմբերը, որոնք մայիսի 18-ին դիմել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ պահանջելով նշյալ կազմակերպությունում տեսչական ստուգումներ անցկացնել և օրենքով սահմանված կարգով կանխել կոմբինատի վտանգավոր և ապօրինի գործելաոճը:
Ընկերության գործողություններն, ըստ բնապահպանների, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի պահանջների խախտում է:
Ախթալայի կոմբինատը շարունակաբար իրականանում է «Նահատակ» պոչամբարի ամբարտակի բարձրացման աշխատանքներ պոչամբարի ռեկուլտիվացման փոխարեն, ինչն ամրագրված է Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված 2017-ի նոյեմբերին տրված փորձաքննական եզրակացության մեջ: Դրա համաձայն՝ «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի 1-ին փուլը պետք է սկսվեր 2018թ-ի հոկտեմբերից և ավարտվեր 2020թ. մարտի 1-ին։ Սակայն, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքները դեռ չեն սկսվել, պոչամբարում են կուտակվում կոմբինատի պոչանքները:
«Այս ամենը շարունակական բնույթ է կրում, ինչը հանգեցրել է Մեծ Այրում բնակավայրում սոցիալական կոնֆլիկտի, և գյուղի բնակիչները փորձում են իրենց ուժերով կանգնեցնել «Նահատակ» պոչամբարի ամբարտակի բարձրացմանն ուղղված կոմբինատի գործողությունները: Սա հանգեցրել է նրան, որ գյուղի և կոմբինատի միջև կոնֆլիկտին միջամտում է ոստիկանությունը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չի կարող անգործություն ցուցաբերել և պարտավոր է իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ կանխելով կոմբինատի այս վտանգավոր և ապօրինի գործելաոճը», ասված է տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանինն ուղղված գրավոր ահազանգում:
Այն ուղարկվել է հետևյալ խմբերի կողմից․
«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպություն,
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն,
Կանաչ Հայաստան բնապահպանական, կրթական կազմակերպություն,
Հայաստանի անտառներ հասարակական կազմակերպություն
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն: