Հանրային տրանսպորտը վերսկսել է աշխատանքը։ Երթուղի են դուրս բերվել Երևանի քաղաքապետարանի և մասնավոր ուղևորափոխադրողների ավտոմեքենաները։ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարծիքով՝ քաղաքապետարանի պահուստային ավտոբուսները գործարկելու և չվացուցակներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն դեռևս չկա։
Հաշվի առնելով, որ երևանյան հանրային տրանսպորտը ունի գերծանրաբեռնվածության մշտական խնդիր, նոր կանոնների ներդրման պարագայում՝ ինչպե՞ս են մարդիկ հասնելու աշխատավայր կամ տուն, եթե շարժակազմը մնում է նույնը, բայց «ոտքի վրա» ուղևորափոխադրումն արգելվում է։ Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը հավաստիացրել է՝ խնդիրն ընթացիկ կարգավորում կստանա՝ կախված ուղևորափոխադրման հոսքից, այս պահին գերծանրաբեռնվածության խնդիր չկա։
«150 միավոր շարժակազմ է դուրս բերվել։ Մասնավոր ուղևորափոխադրողները նույնպես որոշակի շարժակազմ են դուրս բերել և փորձում են հասկանալ՝ ինչ ուղևորահոսք կունենանք Երևանում։ ․․․Այս պահի դրությամբ աննախադեպ ցածր ուղևորափոխադրում կա։ Մեզ հարկավոր է, որպեսզի հասկանանք, թե այդ ուղևորափոխադրումն ինչ տենդենց ունի։ Կարծում եմ` մի քանի օրվա ընթացքում կհասկանանք, այնուհետև նոր կկարողանանք որոշում կայացնել` թե հաճախականությունը, երթուղայինների քանակն ավելացնելը», – այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին նշել է Սարգսյանը։
Կանգնած երթևեկելը միկրոավտոբուսներում այլևս արգելված է լինելու, ավտոբուսներում՝ թույլատրվելու է մեկ մետր հեռավորություն պահելու նախապայմանով։ Երթուղայիններն ամեն օր մի քանի անգամ ախտահանվելու են։ Երթուղայինների վարորդները պարտավոր են լինելու ձեռնոցներ և դիմակներ։ Պաշտպանիչ միջոցներն ապահովելու են ուղևորափոխադրում իրականացնողները։
Երթուղայինների նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության տեսուչներն ու ոստիկանության ծառայողները։ Տրամսպորտն ու վարորդներին վերահսկելու բավարար ռեսուրս, սակայն, չկա։ Սարգսյանի խոսքերով՝ որքան էլ հավելյալ ուժ ներգրավվի, 800 գազելների և 300-ից ավելի ավտոբուսների վարորդներին հսկել հնարավոր չէ։ Փոխքաղաքապետը դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով ուշադիր լինել այլ քաղաքացիների և վարորդների նկատմամբ, հորդորել նրանց հետևել սահմանված կանոններին։
Պարետի կողմից սահմանված կանոնների համաձայն, վերգետնյա տրանսպորտային միջոցներում՝ միկրոավտոբուսներում, գազելնելում, արգելվում է կանգնած ուղևորների փոխադրումը, ուղեւորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի թվաքանակը։ 9 մետրից ավելի երկարություն ունեցող ավտոբուսներում կանգնած ուղեւորների միջեւ պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։
Բացառվում է ուղեւորների նստեցումը եւ տրանսպորտային միջոցի սրահում ուղեւորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ եւ ձեռնոց կրելու: Տրանսպորտային միջոց նստելուց ուղեւորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։
Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ։ Յուրաքանչյուր երթուղու ավարտին (ավելի քան 3 ժամ տեւողությամբ երթուղիների ժամանակ՝ նաեւ ընթացքում) ուղեւորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով):
Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղեւորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը
Տաքսիներում արգելվում է նաև վարորդի կողքին ուղեւորի նստեցումը:
Մետրոպոլիտենի սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները: Վագոններում ապահովվում է ուղեւորների հնարավորինս նոսր նստեցումը: Սպասասրահներում նշանակվում են ուղեւորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղեւորների նստեցումը:
Մետրոպոլիտենի մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղեւորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:
Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղեւորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում:Օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված տերմինալների ախտահանում ախտահանիչ միջոցների լուծույթներով: Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների եւ ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով: