Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին համաձայնագիր է ստորագրել իր քաղաքական մրցակից Աբդուլլա Աբդուլլայի հետ իշխանության բաժանման մասին։
Նախորդ տարվա սեպտեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո միաժամանակ երկու թեկնածուներ երդմնակալության արարողություն էին կազմակերպել․ իր հաղթանակի մասին հայտարարել էր ինչպես գործող նախագահ Աշրաֆ Գանին, այնպես էլ վարչապետ Աբդուլլա Աբդուլլան։
Աֆղանստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ ընտրություններում փոքր առավելությամբ հաղթել է Գանին։ Աբդուլլան, սակայն, վստահ է, որ քվեարկության արդյունքները կեղծվել են։
Մարտից, երբ Գանին ու Աբդուլլան միաժամանակ երդմնակալության արարողություններ էին իրականացրել, եռկու պաշտոնյաները փորձում էին բանակցել։ Այժմ նրանք համաձայնության են եկել, որ երկրի նախագահի պաշտոնում կմնա Գանին, իսկ Աբդուլլան նախագահին հավասար հնարավորություններ կունենա նախարարներ նշանակելու գործում, կկարողանա նշանակել նույն թվով նախարարներ, ինչ նախագահը։
Ռեյթեր գործակալության փոխանցմամբ, ազդեցության ոլորտների բաշխման վերաբերյալ երկու քաղաքական գործիչների բանակցությունները դեռևս շարունակվում են։
Այսպիսով, Աֆղանստանում վերականգնվում է գրեթե նույն քաղաքական հավասարակշռությունը, որը կար ընտրություններից առաջ։
Իսլամիստական «Թալիբան» շարժման հետ բանակցությունների վերականգնման դեպքում, որպես կառավարության ներկայացուցիչ հանդես կգա Աբդուլլա Աբդուլլան։
«Պատմական օր»
Համաձայնագրի կնքումից հետո Աբդուլլան թվիթերի իր էջում գրել է, որ այս համաձայնագրի նպատակն է «ճանապարհ բռնելը դեպի խաղաղություն, երկրի կառավարմանն առնչվող հարցերի բարելավումն ու մարդկանց իրավունքների պաշտպանության ապահովումը»։
«Այժմ մենք պետք է միավորվենք որպես ազգ և ձգտենք պրակտիկ լուծումների», – հավելել է Աբդուլլան։
«Այսօր մեր հարազատ Աֆղանստանի համար պատմական օր է։ Աֆղանցիները ցույց տվեցին, որ հավատարիմ են ազգային շահերին և պատրաստ են միասին զբաղվել այդ հարցերով», – փաստաթղթի ստորագրման ժամանակ հայտարարել է Գանին։
Աֆղանստանի նախագահի ու վարչապետի միջև հակամարտությունը դժգոհություններ առաջացրեց հատկապես ԱՄՆ֊ում։ Աբդուլլան ու Գանին համաձայնության չէին գալիս անգամ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոյի Քաբուլ կատարած այցից հետո։
Վաշինգտոնը հայտարարել էր, որ այդ հակամարտության պատճառով Միացյալ Նահանգների կողմից Աֆղանստանին տրամադրվող 1 մլրդ աջակացությունը կսառեցվի։
Երեկ Պոմպեոն թվիթերում գրել էր, որ ողջունում է Աբդուլլայի և Գանիի միջև համաձայնությունը։ Աջակցության վերականգնման հետ կապված տեղեկություններ, սակայն, դեռևս չկան։
Գանին ու Աբդուլլան համաձայնագիր կնքեցին Քաբուլում ծննդատան վրա տեղի ունեցած 24 կյանք խլած հարձակումից անմիջապես հետո։ Մահացածներից մեծ մասը՝ 18 հոգի, վերջերս ծննդաբերած կանայք էին։ Սպանվել է նաև երկու երեխա, մեկ բուժաշխատող և մեկ ոստիկան։
Ոչ մի խմբավորում կամ շարժում դեռևս իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը։
Վերջին ամիսներին Աֆղանստանի իշխանությունները փորձում են վերականգնել բանակցությունները թալիբների հետ։ Ապրիլին «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել բանակցություններին, դրանք ապարդյուն համարելով։ Պատճառը գերիների փոխանակման պրոցեսում առաջացած խնդիրներն էին։ Թալիբները նախապես ԱՄՆ֊ի հետ պայմանավորվել էին գերիների երկկողմանի փոխանակման և համաձայնության կնքման մասին։ Թալիբները, սակայն, պնդում էին, որ Աֆղանստանի իշխանությունները հետ են կանգնում իրենց ստանձնած պարտավորություններից։ Աֆղաններն իռենց հերթին նշում էին, որ թալիբների պահանջներն անիրատեսական են։