Աֆղանստանում հետաքննություն է սկսվել իրանական սահմանապահների կողմից կտտանքների ենթարկված և ի վերջո գետը նետված աֆղանական միգրանտների մասին ստացված հաղորդագրությունների հիման վրա։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, գաղթականները բերման էին ենթարկվել ուրբաթ օրը՝ աֆղանական Հերաթ նահանգից ապօրինաբար Իրան մուտք գործելու փորձի ժամանակ։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, իրանական սահմանապահները աֆղաններին ծեծի են ենթարկել ու հրել դեպի գետը, ինչի արդյունքում գաղթականներից ոմանք մահացել են։
Պաշտոնական Իրանն այս մեղադրանքները հերքում է։ Իրանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի տարածքում, այնպես որ իրանական սահմանապահները դեպքի հետ որևէ առնչություն չունեն։
Յոթ գաղթականներ կորել են
Բերման ենթարկված աֆղանցիների հստակ թիվը հայտնի չէ։ Պաշտոնատար անձինքն խոսում են մի քանի տասնյակ գաղթականների մասին, որոնցից առնվազն յոթն այս պահին կորածի կարգավիճակ ունեն։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, փրկարար ծառայության աշխատակիցներն ուսումնասիրում են գետն ու հարակից հատվածները։
Մարդու իրավունքների Աֆղանական հանձնաժողովի (AHRC) ներկայացուցիչների հետ զրույցում տեղական պաշտոնյաները պատմել են, որ «իրանական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են աշխատանք գտնելու հույսով Իրանի սահմանը հատել ցանկացող մի քանի գաղթականների»։
«Նրանց ստիպում էին ոտքով անցնել Հերիրուդ գետը [Իրան֊Աֆղանստան սահմանին], ինչի արդյունքում ոմանք խեղդվել են գետում, մյուսներին հաջողվել է փրկվել», – հայտնում է իրավապաշտպան հանձնաժողովը։
Միգրանտներից մեկը՝ Շիր Աղան, Ռեյթեր գործակալությանը պատմել է, որ իրանական սահմանապահներն իրենց սպառնացել են․ «կամ պետք է գետը նետվեք, կամ կրակում ենք»։
Աֆղանստանից մեկ այլ գաղթական Շահա Վալիի խոսքով, սահմանապահներն իրենց ծեծի են ենթառկում ու ստիպել ծանր աշխատանքով զբաղվել։ «Հետո միկրոավտոբուսով դեպի գետը տարան ու ներքև հրեցին», – պատմում է Շահան։
Իրանում շուրջ 3մլն աֆղանցի է ապրում՝ փախստականներն ու վարձու աշխատողները ներառյալ։ Օրական հարյուրավոր աֆղանցիներ փորձում են անցնել Իրանի հետ սահմանը՝ աշխատանք գտնելու ակնկալիքով։
Իրանում կորոնավիրուսի համաճարակի սկսվելուն պես, Աֆղանստանի փախստականները սկսեցին զանգվածաբար հայրենիք վերադառնալ։ Իրանում Covid-19-ի ավելի քան 100 հազար դեպք է գրանցվել։ Մտավախություններ կան, որ աֆղանները վիրուսը նաև Աֆղանստան են հասցրել։
Վերջին օրերին, երբ իրանական իշխանությունները թուլացնում են կարանտինային սահմանափակումները, Աֆղանստանի գաղթականները նորից փորձում են անցնել սահմանը։
Աֆղանական իշխանություններն արդեն անհանգստություն են հայտնել կատարվածի հետ կապված, ինչը կարող է դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ արդեն իսկ լարված հարաբերությունների մեջ գտնվող երկրների միջև։
Հերաթի նահանգապետը՝ դիմելով Իրանի իշխանություններին, թվիթերում գրել է․ «Մեր քաղաքացիները պարզապես անուններով պիտակներ չեն, որոնց կարելի է գետը նետել։ Կգա ժամանակը և մենք կմաքրենք հաշիվները»։