Երեկ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել Թալիբան շարժման ուժերին՝ ի պատասխան աֆղանական Հելմենդ նահանգում կառավարական զորքերի ուղղությամբ հրաձգության։
Ամերիկյան կողմի հարձակումը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ «թալիբների առաջնորդի հետ ունեցած հիանալի խոսակցության» մասին հայտարարությունից մի քանի ժամ անց։
Թալիբների կողմից որևէ մեկնաբանություն կամ զոհերի թվի մասին տեղեկատվություն չի ստացվել։
Շաբաթ օրը՝ փետրվարի 29-ին, Քաթարի մայրաքաղաք Դոհայում համաձայնություն կնքվեց ԱՄՆ֊ի և Թալիբանի միջև՝ Աֆղանստանում խաղաղության հաստատման մասին։ Վաշինգտոնը պարտավորվում էր 14 ամսվա ընթացքում երկրից հեռացնել իր 13 հազարանոց զորքը, իսկ թալիբները պետք է Աֆղանստանի ապագայի հետ կապված բանակցություններ սկսեին Քաբուլում գտնվող Աշրաֆ Հանիի գլխավորած իշխանությունների հետ։
Ինչ է ասում ԱՄՆ֊ն
Աֆղանստանում ամերիկյան ուժերի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սոննի Լեգեթը թվիթերի իր միկրոբլոգում տեղի ունեցածը որակել է որպես «պաշտպանողական հարված», որի նպատակն է կասեցնել աֆղանական դիրքերի ուղղությամբ հարձակումները։ ԱՄՆ֊ն հակված է խաղաղության պահպանմանը, բայց իր վրայից չի թոթափում աֆղանական դաշնակիցների պաշտպանության պատասխանատվությունը, գրում է Լեգեթը։ Նրա խոսքով, Վաշինգտոնն ու Քաբուլը կատարում են իրենց ստանձնած պարտավորությունները, մինչդեռ թալիբները բաց չեն թողնում հարձակման հարմար առիթը։ Գնդապետի հաղորդած տեղեկատվության համաձայն, միայն երեքշաբթի օրը թալիբները 43 անգամ թշնամական հարձակումներ են գործել Հելմենդում տեղակայված դիրքերի ուղղությամբ։
Առաջին դժվարություններ
Շաբաթ օրը կնքված համաձայնության նպատակն էր խաղաղություն հաստատել արդեն ավելի քան 18 տարի զինված հակամարտությունների գոտի դարձած Աֆղանստանում։
Թալիբանը, սակայն, կարճ ժամանակ անց վերսկսեց հարձակումները։
Դեպի հակամարտության խաղաղ հանգուցալուծում ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից էր գերիների փոխանակությունը։
Պայմանավորվածության համաձայն, մարտի 10-ին ավելի քան հինգ հազար թալիբ գերիներն ու շուրջ հազար կառավարական զինծառայողները պետք է փոխանակվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դրանից հետո արդեն կսկսվեն բանակցությունները թալիբների ու քաբուլյան իշխանությունների միջև։
Նախագահ Աշրաֆ Հանին կիրակի օրը հայտարարեց, որ փախանակման այդ սկզբունքին համաձայն չէ։ Դրան ի պատասխան թալիբները հայտնեցին, որ առանց փոխանակության իրենց բանակցել չեն կարող։
Երեքշաբթի օրը Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց ունեցավ Թալիբանի առաջնորդի հետ, որից հետո նշեց, որ «հիանալի խոսակցություն» է ստացվել։
Թալիբների խոսքով, Թրամփն իրենց խոստացել էր գլխավոր քարտուղար Մայք Պոմպեոնին հանձնարարել խոսել Աշրաֆ Հանիի հետ։
2001-2019 թվականների ընթացքում Աֆղանստանում զոհվել է 2356 ամերիկյան զինծառայող։ Գործողության վրա ծախսված գումարներն ու Աֆղանստանին տրամադրված օգնությունը գնահատվում է 822 մլրդ դոլար։
Դոնալդ Թրամփը վաղուց էր խոստացել դադարեցնել ռազմական գործողություններն Աֆղանստանում։ Միաժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը շաբաթ օրը խոստացել էր հրաժարվել նախօրեին կնքված համաձայնագրից, եթե «ինչ որ բան այն չլինի»։