ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղյալ է հայտարարել աֆղանստանցի ազդեցիկ քաղաքական գործիչ, Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեկմատյարի հանդեպ պատժամիջոցները։ Խորհուրդը Հեկմատյարին հանել է արմատական խմբավորումների հետ կապեր ունեցող անձանց ցուցակից՝ այդպիսով հնարավոր դարձնելով նրա վերադարձն Աֆղանստան․ գործչի և նրա կուսակցության վրա այլևս չեն տարածվում նաև հաշիվների սառեցման, ճամփորդական արգելքների ու զենքի կրման վերաբերյալ պատժամիջոցները։
Անվտանգության խորհուրդը տվյալ որոշումն ընդունել է Աֆղանստանի իշխանությունների խնդրանքից հետո, որոնք մտադիր են հաշտության համաձայնագիր կնքել Հեկմատյարի ու նրա կուսակցության հետ։
Հեկմատյարը՝ նախկինում դաշտային հրամանատար, ով երկու անգամ նաև զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը, անցած տարի իր համախոհներին կոչ էր արել աջակցել թալիբների դեմ պայքարող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
ԱՄՆ֊ի Պետդեպը գործչին ներառել էր «Ալ֊Քաիդա» խմբավորման հետ կապ ունեցող «ահաբեկիչների» ցուցակի մեջ։ Չնայած դրան, ամերիկացի ու աֆղանստանցի պաշտոնյաները վերջին տարիներին կապ են պահպանել Աֆղանստանի Իսլամական կուսակցության ղեկավարության հետ՝ փորձելով գտնել ուղիներ երկրում զինված առճակատմանը վերջ տալու համար։
Որոշ իրավապաշտպան կազմակերպություններ քննադատության են ենթարկել իշխանությունների ու Հեկմատյարի միջև 2016 թվականի աշնանը կնքված հաշտության համաձայնագիրը՝ հայտարարելով, որ նախկին դաշտային հրամանատարը պատասխանատու է 1990֊ականների քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի ունեցած ծայրահեղական գործողությունների համար։ Պաշտոնական Քաբուլը, սակայն, հույս ունի, որ Հեկմատյարի հետ համագործակցությունը կօգնի թալիբներին համոզել հրաժարվել զինված դիմադրությունից ու միանալ քաղաքական գործընթացին։