Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է, գրում է Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ)՝ վկայակոչելով Ստեփանավանի խոշորացված համայնքապետարանի ահազանգը։
«Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկն ու Վայոց ձորն ու Սյունիքի հյուսիսային հատվածը։
․․․Էկոլոգիական հանցագործություն էր Ստեփանավանի նման հրաշք տարածաշրջանում հանքի շահագործման թույլտվություն տալն առաջին հերթին, օֆշորային անհայտ ընկերության կողմից բացահանքի շահագործումն ու 2015 թ-ից հանքը լքելը։
Էս հալին դեռ կիպրոսյան օֆշորի դուստր «Սագամար» ընկերությունը ցանկանում էր Լոռվա տարածաշրջանում հանքի նոր հետախուզություններ անել։
Ձորագետն ու դրանով ոռոգվող բոլոր տարածքները խիստ վտանգի տակ են», ― ասված է ՀԲՃ֊ի տարածած ֆեյսբուքյան հաղորդագրությունում։
Թթվային դրենաժը նկարներում երևացող խիտ լուծույթն է, որն առաջանում է բաց ապարաշերտերում և որի մեջ սուլֆիդների բարձր մակարդակի շնորհիվ հազարապատիկ անգամ արագ լուծվում են ծանր մետաղներն ու խառնվում մակերևույթային և ստորերկրյա ջրային ավազաններին, ներծծվում հողում։ Այն կարող է տևել տասնյակ ու հարյուրավոր տարիներ։
Հիշեցնենք, որ Արմանիսի հանքը Հայաստանի խոշոր ոսկի-բազմամետաղային հանքավայրերից մեկն էր՝ տեղակայաված Ստեփանավան քաղաքից՝ 7,5 կմ և Արմանիս գյուղից՝ 1,5 կմ հեռավորությամբ:
Հանքավայրի հետախուզական աշխատանքները սկսվել էին 2007 թվականին՝ անհայտ սեփականատերեր ունեցող «Սագամար» ՓԲԸ-ի կողմից, որի բաժնետոմսերը 2010 թվականին փոխանցվել են կիպրոսում գրանցված «Գլոբալ Մեթալզ Լիմիթեդ» օֆշորային ընկերությանը: 2015 թվականին հանքավայրի շահագործումն անժամկետ սառեցվել էր, իսկ 2018-ին նույն «Սագամար» նոր հայտ էր ներկայացրել՝ արդեն սառեցված հանքին կից տարածքներում նոր հանք ստեղծելու մտադրությամբ։
Արմանիսի շահագործման ընթացքում բազում ահազանգեր էին հնչում Ձորագետի աղտոտման, թափոնների ապօրինի արտանետման (այդ թվում՝ համայնքային դպրոցի տարածք) վերաբերյալ։ Ընկերությունը ամիսներով չէր վճարում նաև հանքի աշխատակիցների աշխատավարձերը։
Ըստ 2016 թվականին հրապարակված` Հայաստանում Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի հետազոտության, Արմանիս գյուղի հողում արսենի եւ պղնձի կոնցենտրացիաները մի քանի տասնյակ անգամ գերազանցում են ՀՀ հողի ստանդարտում արձանագրված ՍԹԿ-ն (արսենի կոնցենտրացիաները՝ մոտ 18,2 անգամ, պղնձինը՝ միջինում 67,1 անգամ):
Բնապահպանական վնասներն ու վտանգները չեզոքացնելու համար որևէ էական քայլ հանքի շահագործումը սառեցնելուց հետո (5 տարվա ընթացքում) չի արվել: