Ստեփանավան քաղաքի բնակիչները ահազանգել են Կանաչների կուսակցություն` պատմելով, որ իրենց քաղաքի մոտ գտնվող Ձորագետ գետի վիճակը օրեցօր վատանում է:
Բնապահպանները նշում են, որ Ձորագետի խնդիրը նոր չէ, տարիներ շարունակ գետը աղտոտվում է Արմանիսի ոսկու հանքի բաց եղանակով շահագործման հետևանքով: Հանքը շահագործվում է «Սագամար» ընկերության կողմից: Հանքավայրը, ինչպես նաև ոսկու ֆաբրիկան տեղակայված են բնակավայրերին շատ մոտ: Բնակիչները արդեն մի քանի տարի շարունակ բարձրացնում են ձեռնարկության գործունեությունը հասարակական մոնիտորինգի ենթարկելու հարցը, բայց ամեն անգամ մերժում են ստանում «Սագամար» ընկերության ղեկավարության կողմից:
Կանաչների կուսակցության ղեկավար Արմենակ Դովլաթյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ահազանգը ստանալուց հետո, իրենք խնդրել են Ստեփաանվանի Օրհուսի կենտրոնին հետազոտություն անցկացնել հանքում: Թեև փորձագետներին թույլ չի տրվել մտնել հանքի տարածք, հանքից դուրս կատարված փորձաքննությունը բավարար հիմք է ապահովվել՝ փաստելու համար, որ հանքի թափոնները լցվում են գետը:
Մեր այն հարցին, թե ինչ արձագանք է տալիս այս դեպքին ՀՀ Բնապահպանության նախարարությունը, Արմենակ Դովլաթյանը պատասխանել է.
«Այս ամբողջ ժամանակահատվածում Բնապահպանության նախարարությունը չի արձագանքում ահազանգերին, չնայած որ պատասխանատվություն է կրում Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի կատարման համար, ինչպես նաև անմիջականորեն համագործակցում է Օրհուս կենտրոնների ցանցի հետ: Իսկ «Սագամար» ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը և ահազանգերը բազմիցս հրապարակվել են Օրհուս կենտրոնների www.aarhus.am կայքում»:
Նշենք նաև, որ Կանաչների կուսակցության և Օրհուս կենտրոնի ահազանգից հետո՝ Բնապահպանության նախարարությանն է դիմել նաև «Էկոլուր» ՀԿ-ն՝ պահանջելով արձագանքել ահազանգին, տեսչական ստուգումներ անցկացնել ձեռնարկությունում: և ստուգումների արդյունքները հրապարակել նախարարության www.mnp.am կայքում կամ Օրհուս կենտրոնների www.aarhus.am կայքում: «Էկոլուրը» նաև պահանջում է տեսչական ստուգումներում ներառել հասարակության և տեղի բնակչության ներկայացուցիչների:
Լուսանկարը` ecolur.am