85 թվից սենց ա․ ակնալիճցիները ապրում են փլվող շենքում
1970-ականներին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում եռահարկ բազմաբնակարան շենքեր էին կառուցել ֆորելային տնտեսության և կողբաբուծարանի աշխատողների համար։ Արդեն 1985 թվականին Գառնիկյան թաղամասի թիվ երրորդ շենքը ճանաչվել էր 4-րդ կարգի վթարային։ Քանի որ շենքը ենթակա էր քանդման, բնակչությանը տարհանել էին և ժամանակավոր տեղավորել երկաթե տնակներում։ Նախատեսվում էր նոր շենք կառուցել։
— Ղարաբաղյան շարժումն ընկավ մեջտեղ, հիմնարկությունները լրիվ փակվեցին, երկիրը քանդվեց։ Էլ ձեն չէինք կարա հանեինք։ Տեսանք, որ ճար չկա, կամաց-կամաց դոմիկներից հետ եկանք էստեղ։ Ադրեն 40 տարի շենքը 4-րդ կարգի վթարային է, այսինքն՝ քանդման ենթակա, — Epress.am-ին ասել է բնակիչը։
Շենքը հանձնվել է շահագործման ի սկզբանե անպիտան վիճակում։
— Շինարարները ցեմենտը ծախել կերել են երևի, հիմա որտեղ ձեռք ես տալիս՝ հող ա թափում, ցեմենտ չկա մեջը։ Պատերին խփում ես, դատարկ կտկտոց ա։ Պադյեզդի աստիճանները փլվել են, մենք ենք սարքել։ Ֆասադը պոկվել ա ներսի պատերից, տեսեք՝ ճակատի քարերը շարք-շարք թափվում են։ Ֆունդամենը փախած ա, տանիքին շիֆեռներ չկան՝ անձրևաջրերը լցվում են ներս։ Սեյսմիկ ծառայության աշխատողն ասեց՝ եթե կռիշը վերանորոգենք, շենքը էտ միջամտությունից կարա փլվի, — պատմել է մեկ այլ բնակիչ։
Ակնալիճ գյուղի եռահարկերից մեկը քանդել են 2012 թվականին, բնակիչներին տրամադրել են դրամական փոխհատուցում։ Երրորդ շենքի հետ կապված դեռ որոշում չկա։ Այստեղ 24 ընտանիք է ապրում՝ հարյուրից ավել մարդ։ Նրանց տեղեկությոններով, Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարությունը արդեն հող էր հատկացրել նոր շենք կառուցելու համար, կառավարությունը դեռ պիտի գումար հատկացներ, բայց համայնքապետարանից և մարզպետարանից արդեն հուսադրող խոստումներ էին տալիս․ «Ասեցին՝ ընտրեք, կքանդենք։ Ընտրեցին, թող քանդեն»։
Իսկ հետո մարդիկ եկան ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից, և ծառայության սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանը եզրակացրեց, որ շենքի վթարայնության աստիճանը ենթակա է նվազեցման։ Բնակիչները հրավիրել են անկախ փորձագետի, որը հերքել է Խլղաթյանի տված եզրակացությունը, և շուտով դիմելու են դատախազություն, որպեսզի այն ճանաչեն անբարեխիղճ և կեղծ։
— Խլղաթյանը ասեց՝ պատշգամբներին տալիս եմ չորրորդ կարգ, շենքին՝ երրորդ։ 1985 թվից էս շենքը չորրորդ կարգի վթարային է համարվել։ 40 տարվա մեջ մի հատ նորոգում չեն արել, բայց վթարայնությունը ավտամատիչեսկի չորրորդից դարձրել են երրորդ։ Մի քիչ էլ որ սենց մնա, իրանց ասելով՝ ինքնըստինքյան կդառնա առաջին կարգ, իսկ հետո լրիվ թազա շենք։
— Մինչև չփլվի, մինչև մարդիկ չմեռնեն, մինչև փորձանքը չգա, հեչ բան էլ չեն անելու։
— Իրանք չեն հերքում, որ այս շենքը կամաց-կամաց քանդվում է։ Բայց քանի որ Խլղաթյանը եկել, կարգը իջացրել է, մեր մարզպետարանը ոչ մի բան չի կարող անել։ Երրորդ կարգի շենքերը առաջնահերթություն չեն։ Դուք տեսնում եք, որ այստեղ վտանգավոր է ապրել։ Մի օր սաղով մտալու ենք պանելի տակ։ Խլղաթյանի որոշման մեջ ես էլ եմ դիտավորություն տեսնում։ Էսքան տարի լրագրողների չենք դիմել, ինքնուրույն գնացել ենք կաբինետից կաբինետ, մեզ խոստումներ են տվել, և մենք հավատացել ենք։ Հիմա, երբ գալիս՝ ուղղակի եզրակացություն են փոխում, էլ չենք հավատում։