Կարկուտից տուժած գյուղերի բնակիչները այսօր փակել էին Արմավիր-Զարթոնք ճանապարհը․ նրանք պահանջում են գույքագրել և փոխհատուցել վնասները։
Երեկ երեկոյան Արմավիրի մարզում կարկուտ է տեղացել։ Գյուղացիներն ասում են՝ հակակարկտային կայանները աշխատացվել են կարկուտից մոտ 40 րոպե հետո միայն։
Ամենաշատը տուժել է Մեծամոր համայնքը՝ Եղեգնուտի, Զարթոնքի, Արգավանդի և Արտաշարի այգիներն ու ցանքատարածքները։ Գյուղատնտեսական ապահովագրություն էլ որպես կանոն ոչ ոք չունի։
Եղեգուտցիներն այսօր փակել էին ճանապարհը և համայնքապետի հետ հանդիպում էին պատահնջում։ Մեծամորի ղեկավարի տեղակալի հետ հանդիպումից հետո ճանապարհը բացվել է։ Գյուղացիները ժամանակ են տվել տեղական իշխանություններին։ Եթե հարցին լուծում չտրվի՝ շարունակելու են բողոքի ակցիաները։
Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են, որ համայնքային հանձնաժողովներն այժմ արձանագրում են վնասները։ Թվեր դեռ չեն նշում։ Թե ինչ են մտադիր անել արձանագրելուց հետո՝ հստակ չէ։
Գրեթե ամեն տարի Արմավիրի մարզում նույն խնդիրն է՝ կարկուտներ, միլիոնների վնաս, ոչնչացված բերք։ Կայաններն արդյունավետ չեն աշխատում։