Home / Բանակ / Քարտեզներ և անկլավներ

Քարտեզներ և անկլավներ

Չկա վերջնական պայմանավորվածություն, թե կոնկրետ որ քարտեզներով է իրականացվելու հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան՝ հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Արտգործնախարարը հավելել է՝ Քիշնևում Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպմանը Իլհամ Ալիևը կարծես դեմ չի եղել 1975 թվականի քարտեզներին, թեև մինչև այդ մշտապես մերժել է դրանք․ «Խոսքը այն քարտեզի մասին է, որևի շուրջ ըմբռնում և պատրաստակամություն կա շարունակել աշխատանքները ողջ միջազգային հանրության կողմից և Հայաստանի Հանրապետության կողմից»։

Խորհրդային Միության Գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզները սովետական վերջին պաշտոնական քարտեզներն են, հենց դրանց հիման վրա են Հայաստանն ու Ադրբեջանը անկախություն ձեռք բերել։ 1970-ականներից մինչև ԽՍՀՄ փլուզումն այս քարտեզները չեն վերաձևվել։ Բրյուսելյան հանդիպումից հետո Եվրախորհրդարանի նախագահի կողմից հիշատակված՝ Հայաստանի 29 հազար 800 ք․կմ և Ադրբեջանի 86 հազար 600 ք․կմ-ները հիմնավում են հենց այս քարտեզներով ամրգարված իրողության վրա։

տե՛ս Արծվաշենը Հայաստան է․ Փաշինյանը պատմել է բանակցություններից

Մինչ այս հայկական կողմը ակնարկում էր, որ սահմանազատման շուրջ բանակցություններում Ադրբեջանը շահարկում է 20-ականների քարտեզները, որոնք չափազանց ցածր որակի են և, քաղաքական խնդիրներից բացի, տեխնիկական լուրջ պրոբլեմներ ունեն։

20-ականների քարտեզների մասին այսօր հիշել էր նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ըստ որի 70-ականների քարտեզները չեն բխում Հայաստանի շահերից և հարկավոր է սահմանազատվել 1926-ի քարտեզների հիման վրա։

տե՛ս Քարտեզների և անկլավների թեմայով առասպելաստեղծությունը չի դադարում

Միրզոյանը հակադարձել է՝ 1975 թվայանի քարտեզերով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն ու այդ հիմքով սահմանազատման աշխատանքների իրականացումը ընդունելի լուծում է Հայաստանի համար, սահմանազատման համար պետք է հիմք լինեն ոչ թե այս կամ այն կողմին ձեռնտու քարտեզերը, այլ այն փաստաղթղերը, որոնք իրավական առումով քիչ խոցելի են՝ « քարտեզը, որը ընդունված է եղել իրավասու մարմնի կողմից խորհրդային շրջանում, վավերացված է եղել երկու խորհրդարանների կողմից և այլն, և այլն»։

Սահմանազատման և քարտեզների մասին երեկ հիշել էր նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վերջինս Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել էր, թե Քիշնևում առնվազն սահմանազատման և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց է գրանցվել․ «Չենք կարող ասել, որ վերջնական այլևս լուծված է այդ հարցը, բայց առաջընթաց ունենք»։

Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարություններին այսօր արձագանքել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ծավալուն հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր, թե Գրիգորյանը «հերթական անգամ փորձել է խեղաթյուրել մի շարք հարցերի էությունը» և «հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և մյուս հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հավելել էր՝ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը մինչ այս դելիմիտացրել է իր սահմանները որոշ հարևանների հետ, և այդ գործընթացն իրականացվել է «ոչ թե հատուկ ընտրված քարտեզի հիման վրա, այլ վերլուծությունների և իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի ուսումնասիրման հիմքով․ այս պրակտիկայի կիրառումը հնարավոր է նաև Հայաստանի դեպքում»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաջորդիվ մեղադրել է Հայաստանին «8 գյուղերի վերադարձը ձգձգելու» մեջ։

Ավելի վաղ Բաքուն ՄԱԿ-ում պահանջ է ներկայացրել, թե Հայաստանը պետք է վերադարձնի «դեռևս օկուպացված 8 գյուղերը», Երևանն ի պատասխան նշել է, որ Ադրբեջանն էլ իր հերթին է գյուղեր օկուպացրել։ Հարցին՝ դրանց փոխանակումը կամ վերադարձը օրակարգո՞ւմ է արդյոք, Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ պատասխանել էր՝ «մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, և գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել, [եթե պատրաստ է], այո, մենք պատրաստ ենք»։

2021 թվականի խորհրդարանական ընտրապայքարում Փաշինյանը հակված էր առկա իրավիճակը պահպանելուն, այսինքն՝ որ հայկական և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքները մնան նույն կարգավիճակում։ Այժմ հրապարակավ քննարկվում է թե՛ տարածքների փոխանակության և թե՛ դրանց հնարավոր վերադարձի հարցի։

անկլավներ

1975 թվականի քարտեզների համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքներում անկլավներ ունեն։ Մայիսի 22-ին տեղի ունեցած ասուլիսին Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր՝ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի 28 հազար 900 ք․կմ տարածքային ամբողջակյանությունը, Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղը։

Նշված տարածքները ներառում են նաև խորհրդային անկլավները՝ հայկական Արծվաշենը և ադրբեջանական Քյարքը (ա․կ․ Տիգրանաշեն), Վերին Ոսկեպարը, Սոֆուլու-Բախուդարլուն, Պառավաքար գյուղի հողամասերում երկու միկրո անկլավները ադրբեջանական Յարադուլլու գյուղի դիմաց․․․ Այս անկլավները, ըստ Փաշինյանի, կարող են վերադառնալ հարևան պետությունների վերահսկողության ներքո կամ փոխանակվել համաչափության սկզբունքով։

տե՛ս Հայ-ադրբեջանական սահմանը լուծվող խնդիր է

Հայաստանի արտգործնախարարը, սակայն, այսօր հայտարարել է, թե անկլավների ծագման իրավական հիմքերը դեռ պետք է ուսումնասիրվեն, այդ հարցով դեռ պետք է զբաղվի սահմանազատման հանձնաժողովը։ «Խաղաղության պայմանագրի նախագծում անկլավների մասին հիշատակում առհասարակ չկա»՝ հավելել է Միրզոյանը․ «Կան այլ պնդումներ տարածքային ամբողջականության մասին, որոնց շուրջ բանակցում ենք, վերջնական ձևակերպում էլ չկա»։

Հունիսի 1-ին՝ Քիշնևյան հնգակողմ բանակցություններից հետո, Փաշինյանը հանդիպել էր Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ներկաներից մեկը հետաքրքրվել էր՝ եթե անկլավ համարվող Տիգրանաշենը (Քյարք), որը գտնվում է Արարատի մարզում՝ Մ2 (Երևան-Գորիս-Մեղրի) ավտոճանապարհի անմիջապես աջ կողմում, անցնի Ադրբեջանին, արդյո՞ք Հայաստանը չի զրկվի միջպետական ճանապարհից։ Փաշինյանը պատասխանել էր, թե և՛ Տիգրանաշենի, և՛ Տավուշի մարզում Հայաստան-Վրաստան ճանապարհի անմիջական հարևանությամբ գտնվում գյուղերի դեպքում ոչ մի լուրջ խնդիր չի առաջանա։

«Գիտեք՝ Հյուսիս-Հարավը գնում է մինչև Իրանի սահման։ Երկու նախագիծ կար։ Մեկը մտնում էր Վեդիով և դուրս էր գալիս Ուրցաձորով՝ ձեր նշած Տիգրանաշենից (Քյարքից) վերև, մեկը կար, որ գնում էր ուղիղ։ Ոչ մի խնդիր չկա։ Հարց է առաջանում, իհարկե՝ եթե ճանապարհի երթուղին փոխվի, ոնց է դա ազդելու Երասխ գյուղի տնտեսական վիճակի վրա։ Բայց եկեք հասկանանք՝ խոսքը խաղաղությա՞ն մասին է, թե՞ պատերազմի։ Եթե խոսքը խաղաղության մասին է՝ դա այն լրջության հարցը չէ, որ մենք խոսենք։ Եթե խոսքը խաղաղության մասին է, ի վերջո ենթադրվում է, որ երբ կամ եթե հասնանենք խաղաղության, Երասխն էլ Սարդարակի հետ է առևտուր անելու, այնպես չէ, որ դառնալու է փակուղի։ Իսկ եթե խաղաղություն չլինի՝ անկլավ, ոչ անկլավ, նույնիսկ այդ քննարկումն իմաստ չունի», – նշել է Հայաստանի վարչապետը։

տե՛ս Քառօրյա բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից