«Զանգեզուրի միջանցքը», որի մասին խոսում է Բաքուն, արտատարածքայնության հետ կապ չունի՝ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Եվ հավելել՝ այն, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիները պետք է վերահսկվեն Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից, ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։
«Տրանսպորտային միջանցքը երթուղի է, որը անցնում է մի քանի երկրների տարածքով, որոնք համաձայնեցված տրանսպորտային, մաքսային և այլ քաղաքականություն են վարում, որպեսզի կրճատեն բեռնափոխադրումների ծախսն ու ժամանակը», – նշել է ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովի ադրբեջանցի ղեկավարը՝ շեշտելով՝ «տրանսպորտային միջանցք և արտատարածքայնություն եզրույթները հոմանիշներ չեն»:
Մուստաֆաևը հավելել է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը պետք է իրականացվի Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության կողմից․ «Թե որքանով է դա ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է Հայաստանի կառավարությունից հարցնել»:
Անցած ամիս Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր․ «Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, և դա, ըստ իրենց, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին»։ Արդեն Աստանայում՝ ԱՊՀ խորհրդի նիստին, Փաշինյանը ընգծել էր․ «․․․Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապն ապահովելու համար երեք անցակետեր բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է, սակայն հենց Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը»։
Փաշինյանի հիշատակած անցակետերից մեկը Սոթքում է, մյուսը՝ Երասխում, երրորդը՝ Քարահունջում․ երեքն էլ նախատեսված են ավտոմոբիլային անցման համար։ Հայաստանի վարչապետը ժամանակ առ ժամանակ առաջարկում է՝ «Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան՝ հենց այսօր»։ Բաքուն այս առաջարկը անիրատեսական է որակել:
«Մոնիտորինգը ցույց է տվել, որ այդ կետերից սկսվող ճանապարհները ռելիեֆային և բնակլիմայական պայմանների առումով տարվա մեծ մասը պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության, առավել ևս՝ միջազգային տարանցիկ երթևեկության համար: Հայաստանը չի ուզում ավտոմոբիլային հաղորդակցության օպտիմալ ճանապարհ տալ», – արդեն այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը՝ առանց մանրամասնելու, թե ինչ մոնիտորինգի և ինչ «օպտիմալ ճանապարհի» մասին է խոսքը։
Մուստաֆաևի հավելել է՝ կարևոր է նաև համաձայնեցնել, թե ինչ ռեժիմներով են իրականացվելու միջազգային տարանցիկ բեռնափոխադրումները, և պայմանավորվել պարիտետային սկզբունքով ներքին փոխադրումների համար պարզեցված ռեժիմներ սահմանելու շուրջ:
Հայաստանի պարբերաբար շեշտում է՝ ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխան վերահսկողության ներքո և ազգային օրենսդրության համաձայն։ Ադրբեջանը, իր հերթին, պնդում է «անխոչընդոտ, առանց մաքսակետերի» տարանցման վրա՝ Սյունքիով անցնող ճանապարհը համեմատելով Լաչինի միջանցքի հետ։
Ռուսաստանի արտգործնախարարը այս տարվա հունիսին՝ Երևան կատարած իր այցի ժամանակ, հաստատել էր՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհը հիմնվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վրա, և ընդգծել՝ այն գործելու է պարզեցված ռեժիմով։ Թե ինչ է ենթադրում այդ ռեժիմը՝ առ այսօր հայտնի չէ։
Դեռևս անցյալ տարի Եվրախորհրդի նախագահը և Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էին, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է երկաթգծի շուրջ համաձայնության հասնել, իսկ ավտոմոբիլային ճանապարհի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են։ Ամիսներ անց այստեղ որևէ տեսանելի առաջընթաց, սակայն, չի գրանցվել։