Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում հրադադարի իր իսկ խախտումները։ Ակնհայտ է, որ սա Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի պատրվակի ստեղծում է», – Թվիթերի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով․ «Հրադադարը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ»։
Վերջին օրերին Երևանն ու Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրում են միմյանց դիրքերը գնդակոծելու մեջ։ Նման հայտարարությունները նախորդում էին նաև սեպտեմբերյան ագրեսիային, Լաչինի էսկալացիային և 2020 թվականի 44-օրյա պատերազմին։
Պաշտպանական բնույթի լրացուցիչ ուժեր
Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատմամբ, որն առաջացրել է որոշակի լարվածություն, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ մեկնաբանելով Բաքվի հայտարարությունը, թե հայկական կողմը լրացուցիչ ուժեր՝ հետևակ և հրետանի է կուտակում Դաշքեսանի ուղղությամբ:
«Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ: Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել», – ասված է ՊՆ հայտարարության մեջ:
Եվրամիությունը դիտորդներ է ուղարկում
Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան՝ Լյուքսեմբուրգում այսօր կայացած նիստում հաստատել են միության արտգործնախարարները։
Հայաստանի ՊՆ-ից հայտնել են, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի արդեն այս ամիս։ Քառակողմ հայտարարության համաձայն՝ առաքելությունն իրականացվելու է առավելագույնը 2 ամիս ժամկետով։
Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդների տեղակայման շուրջ համաձայնությունը ձեռք էր Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների քառակողմ հանդիպման ընթացքում։ ԵՄ դիտորդական նախնական խումը Երևան էր ժամանել դեռևս հոկտեմբերի 14-ին։
Առաքելությունը՝ բաղկացած 40 փորձագետներից, Հայաստան է ժամանելու հարևան Վրաստանից (2008-ի օգոստոսյան պատերազմից հետո՝ ռուս-վրացական պայմանավորվածությունների կատարմանը հետևելու համար, Եվրամիությունը Վրաստանի սահմանին շուրջ 200 դիտորդ էր տեղակայվել)։ Սահմանային իրավիճակի մշտադիտարկումից բացի՝ եվրոպացի փորձագետները պետք է նաև զեկույցներ կազմի՝ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին աջակցելու համար։
Ճանապարհային խնդիրները
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը մի քանի ամիս է պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին», – հրադադարի խախտման մասին հայտարարությունների ֆոնին այսօր առավոտյան գրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քիչ անց նրա թվիթերյան գրառմանը պատասխանել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը։
«Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ պատրվակներից՝ խուսափելու համար 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ Զանգեզուրի միջանցքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները միավորելու մասին ստանձնած պարտավորությունից։ 3 անցակետերի անիրատեսական տարբերակն առաջարկելը՝ անտեսելով 20 ամիս տևող քննարկումները, լավ քաղաքականություն չէ», – գրել էր Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը։
https://twitter.com/AzerbaijanMFA/status/1581943219830812673
Ճանապարհների ապաշրջափակման շուրջ առ այսօր որևէ ամրագրված պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Պրահայում տեղի ունեցած բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահը (առանց «Զանգեզուրի միջանցք» եզրույթը հիշատակելու) կրկին հայտարարել էր, թե Հայաստանը հրաժարվում է «2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը» իրականացնելուց և դեպի Նախիջևան ճանապարհը «կամավոր տրամադրելուց»։
Սրան արձագանքել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատել եմ մեր առաջարկը՝ ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները։ Ադրբեջանը դրական չի արձագանքել։ Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները՝ մեր ինքնիշխանության և օրենսդրության լիարժեք հարգանքի հիման վրա»։
Ադրբեջանական մեղադրանքներին Հայաստանի վարչապետն անդրադարձել էր նաև Աստանայում՝ ԱՊՀ խորհրդի նիստին։