հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Հրդեհ Իրանի քաղբանտարկյալներով ու խոշտանգումներով հայտնի բանտում

Հրդեհ Իրանի քաղբանտարկյալներով ու խոշտանգումներով հայտնի բանտում

Իրանական «Էվին» բանտում հոկտեմբերի 15-ին բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 4 մարդ, ևս 61-ը` վիրավորվել են, հայտնում են Իրանի իշխանությունները։ Ըստ վերջինիս՝ միջադեպը տեղի է ունեցել բանտարկյալների մեղավորությամբ, սակայն որոշ փաստարկներ հակասում են դեպքերի պաշտոնական տարբերակին։ Հրդեհի բռնկման իրական պատճառը դեռևս հաստատված չէ, գրում է BBC-ն։

Դեպի «Էվին» տանող ճանապարհները փակել են։ Ականատեսների խոսքերով՝ ներսում ոստիկանական հատուկ գումարակ են մտցրել։ Տեղում աշխատում են նաև հրշեջները։ 

Համաձայն IRNA և Tasnim պետական տեղեկատվական գործակալությունների՝ ֆինանսական հանցագործությունների և գողությունների համար դատապարտված մի քանի բանտարկյալների միջև կռիվ է տեղի ունեցել, ինչից հետո վերջիններս այրել են բանտային արհեստանոցներից մեկը։ 

Պետական մամուլը պնդում է, որ միջադեպը «Էվինում» պահվող քաղբանտարկյալների հետ որևէ կապ չունի և տեղի է ունեցել բանտի այն մասնաշենքում, որտեղ ձերբակալված են ավազակները։ 

Պետական հեռուստատեսությամբ ցուցադրված տեսարաններում հրշեջները ուսումնասիրում են այրված տանիքով արհեստանոցը, իսկ բանտարկյալներն իրենց խցերում քնած են, քանի որ «հանգիստը վերականգնված է»։ 

Այնուամենայնիվ, նախօրեին իրանական ընդդիմադիր խմբավորումներից մեկը հրդեհից տեսանյութ էր հրապարակել, որտեղ լսվում էին «Մահ բռնապետին» վանկարկումներ՝ Իրանում Մահսա Ամինիի մահվանից հետո սկսված ցույցերի լոզունգներից մեկը։ 

Որոշ քաղբանտարկյալների հաջողվել է կապ հաստատել իրենց ընտանիքների հետ՝ հայտնելու համար, որ իրենց վտանգ չի սպառնում։ Նրանցից մեկը պատմել է BBC-ի իրանական ծառայությանը, որ բանտային հիվանդանոցում չորս մարմին են տեսել, սակայն իր կարծիքով զոհերն ավելի շատ են։ 

Քաղբանտարկյալը հայտնել է BBC-ին, որ որոշ բանտարկյալների վրա կրակել կամ արցունքաբեր գազ են կիրառել, ինչը հակասում է պաշտոնական հաղորդագրությանը, ըստ որի՝ բանտարկյալները զոհվել են հրդեհի ծխից թունավորվելու պատճառով։ Ականատեսները նույնպես նշում են, որ բանտից որոշ ժամանակ շչակի ձայներ և կրակոցներ են լսվել։ 

Իրավապաշտպանները անցյալում արդեն քննադատել են «Էվին» բանտի ռեժիմը։ Human Rights Watch-ը հաղորդել է, որ «Էվինի» բանտարկյալներին խոշտանգում են, սպառնում են ազատազրկման մեջ պահել ցմահ և չեն ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն։

Անցյալ տարվա օգոստոսին Edalat-e Ali (Ալիի արդարություն) հաքերների խումբը համացանցում բանտի ներքին հսկողության տեսախցիկներից վիդեոկադրեր էր հրապարակել, որտեղ իրավապահ մարմինները ձերբակալվածներին ծեծում և խոշտանգում էին։

«Էվինը» հայտնի է այնտեղ պահվող մեծաքանակ քաղբանտարկյալներով, որոնց թվում կան նաև Իրանում արդեն մեկ ամիս չդադարող ցույցերի հարյուրավոր մասնակիցներ: Քաղբանտարկյալներից բացի բանտում են պահվում մի շարք իրանցի լրագրողներ, ռիժիսորներ, օտարերկրացիներ և կրկնակի քաղաքացիություն ունեցող անձինք, որոնց Իրանում ձերբակալել և դատապարտել են։ Հուլիսից այս բանտում է պահվում նաև իրանցի հանրահայտ կինոռեժիսոր Ջաֆար Փանահին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին Իրանում «ողջախոհության ոստիկանության» կողմից ձերբալկված և խոշտանգումների ենթարկված 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո երկրում լայնամասշտաբ հակակառավարական ցույցեր են սկսել, որոնք շարունակվում են մինչ այսօր։ 

Ըստ իրավապաշտպանների, վերջին տվյալներով, ցույցերի ժամանակ 240 ցուցարար է սպանվել, որից 32-ը՝ անչափահաս։ Իրանական ակտիվիստական HRANA գործակալության տվյալներով՝ ձերբակալվել է ավելի քան 8000 մասնակից։ Թեհրանը ժխտում է իրավապահ մարմինների կողմից ցուցարարների սպանությունները և հայտարարում, որ առնվազն 26 ուժայիններ սպանվել են «ապստամբների» կողմից։

Տե՛ս նաև՝ Դեռահասները արթնացնում են Իրանը․ հարցազրույցներ