Home / Կանանց իրավունքներ / Իրանցի կանայք ցուցադրաբար հանում են իրենց հիջաբը փողոցում քայլելիս

Իրանցի կանայք ցուցադրաբար հանում են իրենց հիջաբը փողոցում քայլելիս

Այսօր Իրանում բազմաթիվ կանայք փողոց են դուրս եկել առանց հիջաբի։ Սոցցանցերում տարածված տեսանյութերում կարելի է տեսնել ինչպես են կանայք փողոցում քայլելիս ցուցադրաբար հանում հիջաբը կամ դիմադրում «ողջախոհության ոստիկանությանը»։ 

Ակտիվիստները կիսվում են իրենց տեսանյութերով Twitter-ում՝ #WalkingUnveiled և #No2Hijab հեշթեգներով։ 

Իրանցի կանայք օրեր առաջ խոստացել էին դուրս գալ փողոց՝ «առանց հիջաբի» բողոքի ցույցի, այն բանից հետո երբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հրամայել էր խստորեն հետևել «հիջաբի և ողջախոհության» մասին օրենքի պահանջներին։ 

Որոշ հաստատություններում կանանց հագուկապին վերաբերող մի շարք նոր սահմանափակումներ են ներմուծվել։ «Ոչ պատշաճ հիջաբով» կանանց մուտքը մի շարք հաստատություններ այժմ կարող է պարզապես արգելվել, փողոցում նրանց կարող են կանգնեցնել, հարցաքննել, ձերբակալել։ 

Իսլամական հանրապետությունում պահանջվող հիջաբը բաղկացած է խամրած գույն ունեցող երկար և ազատ հագուստից (հագնում են տաբատի վրայից) և նույնատիպ գլխաշորից, որը պետք է ամբողջովին ծածկի մազերը և ուսերը։ Որոշ կանայք գլխաշորը երբեմն փոխարինում են ավելի փոքր չափերի գույնզգույն կտորներով կամ հագնում են կիպ նստող կարճ շորեր․ սա համարվում է հիջաբի «ոչ պատշաճ» կրում, որը (ոչ միշտ, բայց) կարող է պատժվել տուգանքից մինչև ձերբակալություն։

Իրանում 1979 թվականի իսլամական հեղաշրջումից ի վեր հիջաբ կրելը պարտադիր է 9 տարեկանից բարձր բոլոր կանանց և աղջիկների համար։

Ակցիաների ֆոնին Իրանում ձերբակալությունները շատացել են։ Երեկ ձերբակալվել են 2019 թվականի հակակառավարական ցույցերի զոհերի ընտանիքի անդամները և հանրահայտ կինոռեժիսոր Ջաֆար Փանահին։ 

Ուժայինները երեկ ներխուժել են Թեհրանում գտնվող Ռահիմե Յուսեֆզադեի տուն և ձերբակալել նրան ու ևս երկու մայրերի, որոնց երեխաները սպանվել են հակակառավարական ցույցերի ժամանակ: Մեկ այլ զոհի մայրն ու եղբայրը ձերբակալվել են նույն օրը իրենց տանը։ Կառավարության բռնության զոհերի մայրերը հայտնի են որպես «Մայրեր հանուն արդարության»: Անցած մի քանի տարիների ընթացքում նրանք պարբերաբար բողոքի ցույցեր էին անում՝ արդարություն պահանջելով իրենց երեխաների համար: Իշխանությունները նրանց կոչերին սովորաբար արձագանքում են մեղադրանքներով, ոտնձգություններով և նույնիսկ բանտարկությամբ:

Կինոռեժիսոր Փանահիին ձերբակալել են Իրանի դատախազության շենքում, ուր նա հրավիրվել էր իր ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի դեմ հարուցված քրգործով ցուցմունքներ տալու։ Ռասուլոֆն ու իրանցի մեկ այլ ռեժիսոր՝ Մոստաֆա Ալ-Ահմադը ձերբակալվել են դեռևս հուլիսի 9-ին՝ իրանական իշխանություններին ուղղված բաց նամակի (կոչ էր արվում ուժ չկիրառել երկրով մեկ պարբերաբար ծագող բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ) հրապարակումից հետո։ 2010-ին Փանահին ձերբակալվել էր հակակառավարական հանրահավաքների մասնակցելու համար։ Դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Պատիժը փոխարինվել էր տնային կալանքով․ կալանքի տարիներին նկարել է իր հանրահայտ «Սա ֆիլմ չէ» կինոն։