Իրանի հարվարևմտյան Խուզեստան նահանգում 6 օր է՝ չեն դադարում բողոքի զանգվածային ցույցերը՝ երկրամասում ջրի պակասի պատճառով։ Ցուցարարներին ոստիկանները պատասխանել են արցունքաբեր գազով։ Վերջին տվյալներով՝ կա առնվազն 3 զոհ, որոնցից երկուսը քաղաքացիական անձինք են, մեկը՝ ոստիկան։ Եվս մեկ ոստիկան վիրավորվել է։ Ըստ Al jazeera-ի՝ շրջանառվում են, սակայն դեռևս չեն հաստատվել տեղեկություններ զոհերի ավելի մեծ թվի մասին։ Իշխանություններն ասում են, որ զոհերի համար պատասխանատու են «պատեհապաշտներն ու խռովարարները», սակայն ցուցարարները պնդում են՝ մարդիկ սպանվել են հենց ոստիկանների բացած կրակահերթերից։
Սոցցանցերում տարածվող տեսանյութերը վկայում են, որ ցույցերին մասնակցում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ։ Տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ։ Հաղորդվում է նաև ինտերնետի աշխատանքի դանդաղության և խափանումների մասին։ Ցուցարարների պնդմամբ՝ կառավարությունն այս կերպ փորձում է թույլ չտալ իրենց կազմակերպվել։
https://twitter.com/A_Jafarzadeh/status/1417553279299604485
Իրաքին սահմանակից Խուզեստանը ջրի պաշարների խնդիր է ունեցել տասնամյակներ շարունակ։ Նահանգն առաջնագիծ էր դարձել 1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմում և (արևմտյան ուժերի աջակցությամբ) մասամբ գրավվել Իրաքի այդ ժամանակվա նախագահ Սադամ Հուսեյնի ղեկավարած բանակի կողմից։ Խուզեստանում են գտնվում երկրի նավթահանքերի 80, իսկ բնական գազի պաշարների՝ 60 տոկոսը։
Նահանգը հիմնականում բնակեցված է սուննի մուսուլմաններով, որոնց մի մասը՝ սուննի արաբներ են։ Վերջիններս վաղուց են բողոքում մեծամասամբ շիաներով բնակեցված Իրանում խտրականության ենթարկվելու մասին։
Այս տարին հատկապես դժվար է եղել թե Խուզեստանի, թե ամբողջ երկրի համար։ Ծայրահեղ բարձր ջերմաստիճանն ու երաշտները հանգեցրել են էլեկտրականության լայնածավալ խափանումների ու ջրի պաշարների խիստ նվազման։
https://twitter.com/TPostMillennial/status/1417218242033045504
Իսլամական հանրապետության հեռացող և համեմատաբար «չափավոր» համարվող նախագահ Հասան Ռուհանիի կառավարությունը նոր գումարներ է հատկացրել Խուզեստանում իրավիճակի լուծմանը, իսկ ավելի արմատական Իսլամական Հեղափոխական Պահապանների Կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ջրատար մեքենաներ է ուղարկում նահանգ։
Որոշ մարդիկ դրամահավաքներ են կազմակերպում՝ «ծարավ» նահանգին օգնելու համար, սակայն մյուսները պնդում են, որ նման քայլերը փոքրացնում են այն մեծ ու համակարգային խնդիրների նշանակությունը, որոնք տարիներ շարունակ լուծում են պահանջել, սակայն անտեսվել են կառավարության կողմից։
«Խուզեստանի խնդիրը բխում է գետերի բաժանվող հատվածներից ջրի փոխադրման ապօրինի նախագծերից, ինչպես նաև ջրային մաֆիաների կողմից գետաբերանների ջուրը գողանալուց», – թվիթերյան իր էջում գրել է իրանցի փաստաբան Ֆերեշթե Թաբանյանը։
«Ջրային» ցույցերը լայն արձագանք են գտել նաև սոցցանցերում։ Հենց նահանգի բնակիչները գրում են, որ իրականում երբեք էլ խմելու համար պիտանի ջուր չեն ունեցել, այլ ստիպված են եղել կամ գնել կամ ջուր հավաքել գետերից (որոնք այժմ արդեն ցամաքել են)։
Ծորակի կեղտոտ ջուրն անգամ հիմա հասանելի չէ։ Ջրամատակարարմանը մեծապես հարվածել են նաև էլեկտրականության խափանումները։ Վնասներից անմասն չի մնացել նաև երկրի գյուղատնտեսությունը։ Վերջին մեկ տարվա ընթացքում անձրևների թիվը տարածաշրջանում 50%-ով նվազել է, ինչի պատճառով սպառվել են նաև ջրի ամբարտակների պաշարները։
Երկրի երկու նախկին նախագահները՝ «չափավոր» Մոհամադ Խաթամին և արմատական Մահմուդ Ահմադինեժադը քննադատել են գործող կառավարությանը։
«Որևէ քաղաքական, անվտանգային, ռամական կամ իրավապահ գերատեսչություն իրավունք չունի մարդկանց բողոքի ցույցին ընդդիմանալ բռնությամբ, զենքերով՝ փափուշտներով՝ օգտագործելով քաոսի դեմ պայքարի արդարացումը»,- նշել է Խաթամին։