հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Վերլուծություն / Իրանում այսօր նախագահական ընտրություններ են

Իրանում այսօր նախագահական ընտրություններ են

Իրանում այսօր նախագահական ընտրություններ են։ Գործող նախագահ Հասան Ռուհանիին փոխարինելու համար 4 թեկնածու է պայքարում։ Թեկնածուների ցուցակը սկզբում բաղկացած էր 7 հոգուց, սակայն նրանցից երեքը քարոզարշավի ընթացքում հանել են իրենց թեկնածությունը։

Հարկ է նշել, որ իր թեկնածությունն այս ընտրություններին ի սկզբանե առաջադրել էր շուրջ 600 թեկնածու, սակայն այդ թեկնածուները պետք է հերթով ստուգվեն «Պահապանների խորհրդի» կողմից։ Այս խորհուրդը գտնվում է երկրի գերագույն առաջնորդ՝ այաթոլա Խամենեիի ենթակայության տակ։ Այն հերթով ուսումնասիրում է բոլոր թեկնածուներին և ընտրում նրանց, ովքեր համապատասխանում են սահմանված չափանիշներին։

Երկրի գերագույն առաջնորդը, իդեպ, հոգևոր պաշտոն է, բայց Խամենեին վերահսկում է Իրանի կարևորագույն հաստատությունները, այդ թվում՝ դատարանը։ Երկրի նախագահն էլ վերահսկում է տնտեսական ոլորտը՝ Խամենեիի համագործակցելով արտաքին և ներքին քաղաքականության հարցերում։ Կա նաև խորհրդարան, որն օրենքներ է մշակում և առաջարկում։ Վերջին խոսքը, սակայն, միշտ գերագույն առաջնորդինն է։

Չնայած նախագահի 4 թեկնածու կա՝ ընտրարշավի գլխավոր և անառարկելի ֆավորիտ է համարվում Իրանի դատական համակարգի ղեկավար Էբրահիմ Ռաիսին, ով վայելում է երկրի մի շարք կարևոր կառույցների և առանցքային պաշտոնյաների աջակցությունը։ Ռասիսին համարվում է Իրանի քաղաքական դաշտի պահպանողական թևի ներկայացուցիչ՝ լավ հարաբերությունների ունի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի, ինչպես նաև Խամենեի հետ։ Դատական համակարգում թեկնածուի անցյալը, սակայն, մտահոգության տեղիք է տալիս շատերին, քանի որ նրան և 3 այլ դատավորների են վերագրվում իրանցի այլախոհների զանգվածային մահապատիժների վճիռները, որոնք ի կատար են ածվել 80-ականներին։ Այսպիսով՝ այս տարիներին սպանվել է մի քանի հազար դիսիդենտ։

Ի տարբերություն Իրանի ռեֆորմիստական թևին պատկանող և արդեն հեռացող նախագահ Ռուհանիի ու վերջինիս արտգործնախարար Զարիֆի՝ Ռաիսին ամենևին հիացած չէ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման և միջուկային գործարքին վերադառնալու մտքով։ Փոխարենը՝ թեկնածուն պլանավորում է, ընտրվելու դեպքում, խորացնել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ Արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը թուլացնելու նպատակով։

Հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իշխանության գալուց հետո սկսել է ակտիվ քայլեր է ձեռնարկում Միջուկային համաձայնագրի վերականգման համար՝ Ռուհանին և Զարիֆը պետք է շտապեն վերականգնել բանակցությունները, քանի որ Ռաիսիի՝ նախագահ դառնալու դեպքում Համաձայնագիրը գուցե այդպես էլ մնա կասեցված։

Համաձայնագիրը, հիշեցնենք, արևմտյան պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց սահմանափակում է Իրանում միջուկային հետազոտություններն ու արտադրությունը։

2018-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանի դուրս էր եկել համաձայնագրի բանակցություններից և ավելացրել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի վերջինս ստիպված լինի համաձայնել ավելի խիստ պայմանների։ Իրանն ի պատասխան որոշել էր ընդլայնել ուրանի հարստացման ծրագիրը։

«Միջուկային» բանակցությունները վերսկսվել են ԱՄՆ-ում իշխանափոխությունից անմիջապես հետո։ Համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի ու Բրիտանիայի հետ բանակցում են Իրանի նախագահ Հասան Ռուհանին և ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որոնք իրանական ստանդարտներով համարվում են քիչ թե շատ չափավոր և ռեֆորմիստական։

Սա կարող է ազդել նաև ենթակառուծվածքային և ճանապարհային այն բոլոր նախագծերի վրա, որոնք Իրանը պլանավորում էր իրագործել ԱՄՆ-ի և Եվրոպայի օգնությամբ (ավելի մանրամասն՝ այստեղ

Հատկանշական է, որ թեկնածուների թվում չկա Ռուհանիի՝ ռեֆորմիստական թևի որևէ ներկայացուցիչ։ Չի հաստատվել անգամ ԱԳ նախարար Զարիֆի թեկնածությունը։ «Պահպանողականների և պահպանողականների միջև» այս (չ)ընտրությունը կարող է զգալիորեն նվազեցնել մասնակցության շեմը։ Վերջին հարցումներից մեկի համաձայն՝ մարդկանց ընդամենը 37%-ն է ասել, որ վստահաբար գնալու է ընտրատեղամաս։