հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Իրան-Հայաստան հարաբերությունների վերջին զարգացումների մասին

Իրան-Հայաստան հարաբերությունների վերջին զարգացումների մասին

Վերջին երեք օրերի ընթացքում աշխատանքային այցով Երևան են ժամանել Իրանի երկու նախարարներ։ Նախ՝ մայիսի 23-ից 25-ը Հայաստանում էր Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ Արդեն այսօր Երևան ժամանեց արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ով երեկ այցելել էր Բաքու։

Երկու նախարարների այցերը Երևան

Զարիֆը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի, իսկ Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Երկու այցերի ընթացքում էլ քննարկվել են Սյունիքի սահմաններին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, ինչպես նաև բնական ռեսուրսների ներկրման և ենթակառուցվածքների բարեփոխման ոլորտներում Իրանի և իրանական ընկերությունների մասնակցությունը։ 

«Եվ հուսով եմ՝ այս պանդեմիայի ավարտից հետո մենք կկարողանանք տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնել։ Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչպես նաև Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար։ Լավ համաձայնություն է ձեռք բերվել։ Եվ հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում: Սա այն կարևորությունն է, որ մենք տալիս ենք երկկողմ հարաբերություններին։ Ռազմավարական շատ երկխոսություն եմ ունեցել Հայաստանի գործընկերների հետ, և առաջին իսկ պատեհ առիթով մեր ներկայացուցիչը, մեր բանակցողը կգա Հայաստան ու կշարունակի այդ երկխոսությունը», ֊ նշել է Զարիֆը վարչապետի հետ հանդիպման ընթացքում:

Էսլամին հանդիպել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հետ։ Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և դրանց խանգարող խոչընդոտների վերացումը։

Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են «ներդրումների ներգրավման, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգման, ինչպես նաև Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հնարավորությունը»։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկմանը։

Բացի այդ, Պարսից Ծոց-Սև Ծով միջանցքի և Հյուսիս-Հարավ ճանապարհի վերաբերյալ քննարկումներ են եղել Էսլամիի և Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ։

«․․․Մոհամադ Էսլամին՝ վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը տնտեսական կապերի խորացմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների, մասնավորապես՝ «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կյանքի կոչման գործում։ էսլամին խոսել է Հայաստանի հետ ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունն ընդլայնելու, «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածների կառուցման աշխատանքներին ներգրավվելու իրանական կողմի հետաքրքրվածության մասին։

Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ», – ասված է հաղորդագրության մեջ։

Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ Պապիկյանը Էսլամիին մանրամասներ է հաղորդել Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկի վերաբերյալ։ Քննարկվել է նաև ծրագրում արտասահմանյան, այդ թվում՝ իրանական շինարարական ընկերությունների ներկայացվածությունը։

Էսլամիի հետ հանդիպման ընթացքում հայաստանցի նախարարը հայտնել է, որ ՏԿԵ նախարարությունն օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախաձեռնել, որով նախատեսվում է մի քանի անգամ նվազեցնել Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող վճարների դրույքաչափերը։ 

Հիշեցնենք՝ ապրիլի 27-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում սկսվել է լայնածավալ ասֆալտապատումը։ 

«Պարսից Ծոց֊Սև ծով» միջանցքում, «Հյուսիս֊հարավ» ճանապարհում, ինչպես նաև ճանապարհային մի շարք այլ մեգանախագծերում ու համաշխարհային քաղաքական գործընթացներում Հայաստանի դերի և ներգրավման մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Իրանական Mehr լրատվականի հաղորդմամբ՝ Թեհրանը ձգտում է հայ֊իրանական փոխադարձ ներդրումների մակարդակը հասցնել 1 միլիարդ դոլարի:

Պարբերականը գրում է, որ Էսլամիի կարծիքով՝ երբ ԵԱՏՄ֊ին Իրանի անդամակցությունը վերջնականացվի, Հայաստանը, որպես Թեհրանի դարպաս դեպի եվրասիական շուկա, կարող է հեշտացնել ԵԱՏՄ երկրների հետ ապրանքափոխանակությունն ու արագացնել ապրանքների մաքսազերծման գործընթացը։ 

Բացի այդ, Էսլամին նշել է, որ Թեհրանը, հիմնվելով նոյեմբերի եռակողմ՝ հայ֊ռուս֊ադրբեջանական հայտարարության վրա, նպատակ ունի Նախիջևանի միջոցով երկաթուղով կապել իրանական Ջուլֆան Երևանի և Թբիլիսիի հետ։ 

Միջուկային զարգացումներ և իրանյան ընտրություններ

Այս ամենի ֆոնին՝ վեց օր առաջ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ Արևմուտքի երկրներն ի վերջո համաձայնել են Միջուկային համաձայնագրի շրջանակներում հանել Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը, որոնք վերաբերում էին նավթի, գազի ոլորտներին, ծովային տրանսպորտային հաղորդակցությանը, կենտրոնական բանկին և այլն։ 

Համաձայնագիրը, հիշեցնենք, արևմտյան պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց սահմանափակում է Իրանում միջուկային հետազոտություններն ու արտադրությունը։

2018-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանի դուրս էր եկել համաձայնագրի բանակցություններից և ավելացրել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի վերջինս ստիպված լինի համաձայնել ավելի խիստ պայմանների։ Իրանն ի պատասխան որոշել էր ընդլայնել ուրանի հարստացման ծրագիրը։

«Միջուկային» բանակցությունները վերսկսվել են ԱՄՆ-ում իշխանափոխությունից անմիջապես հետո։ Համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի ու Բրիտանիայի հետ բանակցում են Իրանի նախագահ Հասան Ռուհանին և ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որոնք իրանական ստանդարտներով համարվում են քիչ թե շատ չափավոր։ 

Համաձայնագրի ստորագրմանը դեմ են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում են իրանական քաղաքականության, ինչպես նաև բանակի առավել արմատական թևը։ 

Հունիսի 18-ին Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Երկրում ընտրական գործընթացները վերահսկող մարմինը երեկ հաստատել է թեկնածու վերջնական, յոթ հոգանոց ցուցակը։ Հատկանշական է, որ թե ցուցակի գլխավոր ֆավորիտ Էբրահիմ Ռաիսին, թե մյուս վեց թեկնածուները պահպանողականներ են և, մեծ հաշվով, կիսում են Կորպուսի դավանած արժեքները։ Գործող նախագահ Ռուհանիի ռեֆորմիստական ճամբարից որևէ մեկի թեկնածությունը չի հաստատվել։ Գործող արտգործնախարար Զարիֆն էլ հրաժարվել է մասնակցությունից՝ վերջերս արտահոսած հարցազրույցի պատճառով։ Այս թեկնածուների պարագայում Միջուկային բանակցությունների գործընթացը կարող է լրջորեն վտանգվել, ինչի հետևանքով սաբոտաժի կարող են ենթարկվել ոչ միայն Իրան֊Արևմուտք հարաբերությունները, այլև ճանապարհային և ենթակառուցվածքային այն ծրագրերը, որոնք Թեհրանը Հայաստանի միջոցով կապում են արևելյան Եվրոպայի հետ։