Իրանն Իսրայելին մեղադրել է երեկ Նաթանզի միջուկային կայանում տեղի ունեցած վթարի և դրա պատճառով էլեկտրամատակարարման խափանման մեջ՝ սպառնալով վրեժ լուծել «ճիշտ պահին և ճիշտ տեղում»։
Երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ «բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ սիոնիստական վարչակազմն է կանգնած կատարվածի ետևում» և ընդգծել՝ «հիմա, երբ մենք առաջընթացի ենք հասնում պատժամիջոցների վերացման հարցում, սիոնիստները փորձում են խափանել մեր հաջողությունը։ Մենք նրանց թակարդը չենք ընկնի և թույլ չենք տա, որ այս սադրանքն ազդի մեր բանակցությունների վրա»։
Նաթանզն մեծ նշանակություն ունի Իրանի միջուկային ծրագրի համար։ Օրեր առաջ այստեղ շահագործման էր հանվել ցենտրիֆուգների կատարելագործման նոր արտադրամասը, ուրանի հարստացման աշխատանքները հենց այստեղ են իրականացվում։
Ըստ պաշտոնական Թեհրանի, միջադեպի հետևանքով տուժածներ և զոհեր չկան, վտանգավոր նյութերի արտահոսք չի եղել, իսկ վնասների արագ վերականգնելի են։ Իրանն, այնուամենայնիվ, այս միջադեպն ահաբեկչական գործողություն է համարում։
Թել-Ավիվը դեռևս ոչ հերքել, ոչ էլ հաստատել է իր կապը վթարի հետ։ New York Times-ի հաղորդմամբ՝ ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայությունների որոշ ներկայացուցիչներ անանուն հայտնել են այս գործողությանը Իսրայելի մասնակցության մասին: Նրանք նշել են նաև, որ այս միջադեպը մեծապես վնասել է ուրանի հարստացման տեմպերին, և միջուկային կայանի վերագործարկման համար անհրաժեշտ կլինի առնվազն 9 ամիս։
Իրանում միջուկային հարցերով պատասխանատու Ալի Աքար Սալեհին, իր հերթին, պնդել է, որ կայանի աշխատանքը ոչ միայն կվերականգնվի մի քանի օրվա ընթացքում, այլև ուրանի հարստացումը կավելացվի հիսուն տոկոսով։ Ըստ նրա, կենտրոնն արդեն իսկ սկսել է աշխատել՝ էլեկտրաէներգիայի վթարային մատակարարմամբ։
«Մեր թշնամին խորապես սխալվել է։ Նրանք պնդում են, իբր հարձակման վնասն այնքան մեծ է, որ Նաթանզում միջուկային աշխատանքները 9 ամսով կանգնեցվելու են։ Բայց դուք առաջիկա մի քանի օրվա ընթացքում կտեսնեք, որ հակառակորդի սաբոտաժի մեծ մասը վերացված կլինի»։
Այս միջադեպը կարող է ազդել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի նախաձեռնած բանակցությունների վրա, որոնց նպատակը Միջուկային համաձայնագրի վերականգնումն է։ Համաձայնագիրը սահմանափակում և կարգավորում էր Իրանում միջուկային հետազոտություններն ու արտադրությունը՝ դրա հետ կապված արևմտյան պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց։ 2018-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանի դուրս էր եկել համաձայնագրի բանակցություններից և ավելացրել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ, որպեսզի վերջինս ավելի խիստ պայմանների համաձայնի։
Իրանն ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենից պահանջել է, որ Թրամփի սահմանված շուրջ 1600 տնտեսական պատժամիջոցները վերացվեն, հակառակ դեպքում՝ երկիրը կշարունակի համաձայնագրով արգելված՝ ուրանի հարստացման գործընթացը։ Հատկանշական է, որ Իսրայելը խստորեն ընդդիմանում է համաձայնագրի այս ֆորմատին՝ պնդելով, որ Իրանի հետ այսպիսի համաձայնությունը վտանգում է Իսրայելի պետության գոյությունը։
Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նետանյահուն այսօր հայտարարել է, որ «երբեք թույլ չի տա, որ Իրանը միջուկային հզորություններ ունենա՝ Իսրայելը վերացնելու իր ցեղասպան նպատակին հասնելու համար»։
Իրանը պնդում է, որ չնայած ուրանի հարստացմանը, միջուկային զենք ստեղծել չի պատրաստվում, սակայն թե ԱՄՆ-ն, թե Եվրոպան, թե Իսրայելը թերահավատ են և կարծում են, որ Իրանի վերջնական նպատակը հենց ատոմային զենքն է։
Իրավիճակն էլ ավելի խրթին է դառնում՝ հաշվի առնելով հունիսի 18-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունները։ Գործող նախագահ Հասան Ռուհանին առաջադրվել չի կարող։ Վերջինս Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջաֆադ Զարիֆի հետ միասին բանակցել է 2015-ի միջուկային համաձայնագրի շուրջ և իր մոտեցումներում համեմատաբար չափավոր է համարվում։ Երկրում կան նաև ուժեր, որոնք խստորեն ընդդիմանում են համաձայնագրին, օրինակ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
ԱՄՆ պատժամիջոցների թոթափումն ընտրություններից առաջ կարող էր Ռուհանիի ճամբարին առավելություն տալ, սակայն դրա համար բանակցություններ են անհրաժեշտ։ Իսլամական հանրապետության ղեկավարությունը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ, մի կողմից, չի կարող անարձագանք թողնել Իսրայելի քայլերը, մյուս կողմից՝ չի կարող իր արձագանքով վտանգի տակ դնել գալիք բանակցությունները։