Արտաքսման մեջ գտնվող իրանական ընդդիմադիր խումբը հայտարարել է, թե տեղեկություններ ունի Իրանում նոր միջուկային օբյեկտի կառուցման մասին: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Ըստ Իրանի դիմադրության ազգային խորհրդի ներկայացուցիչների՝ խոսքը Թեհրանից 60 կմ հեռավորության վրա գտնվող Դեմավենդ քաղաքից 10 կմ արևմուտք տեղակայված ստորգետնյա օբյեկտի մասին է: Օբյեկտը բաղկացած է չորս թունելներից, որոնցից երկուսն ունեն 550 մետր երկարություն, ինչպես նաև վեց հսկայական ստորգետնյա սրահներից: Ըստ ընդդիմադիրների՝ շինարարությունը սկսվել է դեռևս 2006 թվականին: Նրանք հայտարարել են, որ ներկայումս ընթանում են եզրափակիչ փուլի աշխատանքները: Օբյեկտի մասին այլ տեղեկություններ, այդ թվում՝ դրա նպատակի մասին, ըննդիմադիր խումբը չի հայտնել:
2002 թվականին Իրանի դիմադրության ազգային խորհուրդն առաջինը հրապարակայնորեն հայտարարեց Նաթանզում ուրանի հարստացման և Արաքում ծանր ջրի արտադրության համալիրի մասին: Սակայն, երբ 2010 թվականին իրանական ընդդիմադիր խումբը հայտարարեց Թեհրանից արևմուտք տեղակայված ինչ-որ միջուկային օբյեկտի մասին, ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ այդ նախաձեռնության մասին իրենք արդեն տեղյակ են և որ դրա՝ միջուկային ծրագրի հետ կապի մասին ոչ մի ապացույցներ չկան:
Արևմուտքն Իրանին կասկածում է միջուկային զենք կառուցելու փորձի մեջ և երկրի հանդեպ մի շարք պատժամիջոցներ է սահմանել: Թեհրանը, իր հերթին, պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ ունի, սակայն հրաժարվում է միջազգային դիտորդներին թույլատրել այցելել իր բոլոր միջուկային օբյեկտներ: