Ադրբեջանի ցամաքային հատվածով անցնող՝ Իրանն ու Ռուսաստանը կապող երկաթուղու շինարարությունը կավարտվի մոտ ժամանակներս։ Այս մասին երեկ՝ մայիսի 30-ին, հայտարարել է ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սանային, գրում է IRNA տեղեկատվական գործակալությունը։ Դեսպանն այս մասին հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի տնօրեն Ալեքսանդր Յանուկինի հետ հանդիպման ժամանակ՝ Սիբիրի հարավ-արևելքում գտնվող Գոռնո-Ալթայսկում անցկացվող տնտեսական ֆորումի շրջանակներում։
Հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր Թեհրանի և Մոսկվայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների վրա։ «Երկու երկրները երկաթուղով կապելու ծրագիրը գրեթե ամբողջությամբ արդեն իրականացվել է․ մնում է կառուցել ուղու մի քանի կիլոմետրը, ինչը երկար չի տևի, քանի որ Իրանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության առկայությունը խիստ անհրաժեշտություն է»,- ասել է դեսպանը։
Ենթադրվում է, որ Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի բացումը տնտեսական պատժամիջոցներից ճնշված Իրանին հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել ապրանքաշրջանառությունը, ինչպես նաև՝ արտահանել նավթ հյուսիսային ուղղությամբ։ Փորձագետների գնահատմամբ՝ նավթի արտահանման ծավալը կարող է կազմել 500 հազար բարել օրական, իսկ տարեկան հաշվարկով՝ մինչև 30 միլիոն տոննա։