Home / Դատարան / «Պատերազմ կանանց դեմ»․ աբորտը ԱՄՆ-ում այլևս սահմանադրական իրավունք չէ

«Պատերազմ կանանց դեմ»․ աբորտը ԱՄՆ-ում այլևս սահմանադրական իրավունք չէ

Հունիսի 24-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց «Ռոուն ընդդեմ Ուեյդի» (Roe v. Wade) գործով 1973թ․-ի որոշումը, որը երաշխավորում էր աբորտ անելու սահմանադրական իրավունքը։ 

CNN-ի տվյալներով՝ ակնկալվում է, որ նահանգների առնվազն կեսը այժմ կարգելեն կամ կխստացնեն հղիության արհեստական ընդհատման օրենսդրությունը։ 

Շուրջ 36 միլիոն կանայք, հավանաբար, աբորտ անելու համար ստիպված են լինելու մեկնել այլ նահանգ կամ դիմել ապօրինի ծառայությունների։ Սա հնարավոր է դարձել շնորհիվ Գերագույն դատարանի պահպանողական դատավորների (9-ը դատավորներից 6-ը), որոնց կեսը նշանակվել են հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ 

ԱՄՆ-ն այսպիսով դարձավ 1994 թվականից ի վեր աբորտի իրավունքը չեղյալ հայտարարած ընդամենը չորս երկրներից (Լեհաստան, Սալվադոր, Նիկարագուա) մեկը: 

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում (Վաշինգտոն, Նյու Յորք, Լոս Անջելես․․․) արդեն 3 օր է բազմահազարանոց բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում՝ ընդդեմ դատարանի որոշման։ Ցույցերին, որոշ դեպքերում, միանում են նաև որոշման կողմնակից պահպանողականները։ 

«Սա հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ ես արեցի այն ամենն, ինչ խոստացել էի, այդ թվում՝ առաջադրելով և հաստատելով 3 շատ հարգված և ուժեղ սահմանադրականների Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում», – հայտարերել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփն իր կառավարման 4 տարիների ընթացքում հասցրեց առաջադրել 3 դատավորների (2017թ․-ին, 2018թ․-ին և 2020թ․-ին), որպեսզի դատարանը, որը փակուղում էր հայտնվել 4 դեմոկրատների և 4 պահպանողականների պատճառով, մինչև իր հեռանալը 6 պահպանողական ու 3 դեմոկրատ հարաբերակցության գա։ Նախկին նախագահը դեռևս 2016թ․-ին (իր հակառակորդ Հիլարի Քլինթոնի հետ բանավեճի ժամանակ) էր խոստացել չեղյալ հայտարարել «Ռոուն ընդդեմ Ուեյդի» որոշումը։

«Սա տխուր օր է դատարանի և երկրի համար, – իր հերթին հայտարարել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը․ – Այժմ այս ազգի կանանց կյանքն ու առողջությունը վտանգի տակ են, դատարանի որոշումը իրական և անմիջական հետևանքներ կունենա»։ 

Բայդենը ընտրողներին նաև կոչ է արել «իրենց ձայնը լսելի դարձնել» միջանկյալ ընտրություններին՝ Կոնգրես ուղարկելով այնպիսի օրենսդիր մարմինների, որոնք կպաշտպանեն աբորտի իրավունքը։ 

Ի՞նչ է սպասվում 

— Ըստ Guttmacher ինստիտուտի, ընդհանուր առմամբ, 26 նահանգներ «հաստատ կամ ամենայն հավանականությամբ» արգելելու են աբորտի իրավունքը։

— Ամբողջ երկրում աբորտների կլինիկաները փակել են իրենց դռները վճռի հրապարակումից գրեթե անմիջապես հետո:

— Առնվազն 16 նահանգներ և Վաշինգտոնը ընդունել են օրենքներ, որոնք ինքնաբերաբար օրինական են դարձնում հղիության արհեստական ընդհատումը նույնիսկ առանց «Ռոուն ընդդեմ Ուեյդի» որոշման։ 

— Առնվազն 9 նահանգներ ունեն աբորտն արգելող կամ սահմանափակող օրենքներ, որոնք ժամանակավորապես կասեցվել էին «Ռոուն ընդդեմ Ուեյդի» որոշման շնորհիվ։ Այժմ, երբ այն չեղյալ է հայտարարվել, այս օրենքները կարող են վերականգնվել։ 

Ո՞վ կարող է կանգնեցնել հետընթացը

Տարբեր նահանգներում աբորտի արգելքները կարող է կանգնեցնել դաշնային օրենքը։ Նման օրենքի ընդունման համար անհրաժեշտ կլինի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության աջակցությունը, Սենատից 60 ձայն (ընդհանուր 100-ից) և Ջո Բայդենի ստորագրությունը: Ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնությունը, ինչպես նաև Սպիտակ տունը պաշտպանում է աբորտի իրավունքի կանոնադրությունը:

Այնուամենայնիվ, հանրապետականները գրեթե համոզված են, որ արգելափակելու են աբորտի իրավունքների մասին օրենքները Սենատում, որը հավասարապես բաժանում են դեմոկրատների հետ: Դեմոկրատական մի սենատոր հայտարարել է, որ նույնպես դեմ է քվեարկելու աբորտի իրավունքին: Փաստացի, աբորտին կողմ են ընդամենը 49 դեմոկրատներ:

Ովքե՞ր են Ռոուն ու Ուեյդը, ի՞նչ էր կարելի այդ օրենքով

1969 թվականին Տեխաս նահանգի բնակիչ 25-ամյա միայնակ կին Նորման, օգտագործելով «Ջեյն Ռոու» կեղծանունը (իր անձի գաղտնիությունը պահելու համար), վիճարկեց Տեխասում աբորտի մասին քրեական օրենքը: Նորման հղի էր երրորդ երեխայով, երբ գործ հարուցեց օրենքի դեմ՝ հայտնելով, որ իրեն բռնաբարել են։ Սակայն նրա հայցը մերժվեց և նա ստիպված եղավ ծննդաբերել։ Աբորտի դեմ օրենքը պաշտպանում էր Հենրի Ուեյդը՝ Տեխաս նահանգի Դալլաս շրջանի դատախազը։ Այստեղից էլ գործի անունը՝ «Ռոուն ընդդեմ Ուեյդի»։ 

Պետությունը արգելում էր հղիության արհեստական ընդհատումը և ճանաչում այն որպես հակասահմանադրական, բացառությամբ այն դեպքերի, երբ մոր կյանքին վտանգ է սպառնում։

1973 թվականին Նորմայի բողոքը ներկայացվեց ԱՄՆ Գերագույն դատարան, որտեղ նրա գործը քննվեց Ջորջիա նահանգի բնակիչ 20-ամյա Սանդրայի գործի հետ մեկտեղ: Նորման և Սանդրան պնդում էին, որ Տեխասում և Ջորջիայում աբորտների մասին օրենքները հակասում են ԱՄՆ Սահմանադրությանը, քանի որ դրանք խախտում են կնոջ անձնական կյանքի իրավունքը:

7 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Գերագույն դատարանի դատավորները որոշեցին, որ կառավարությունը աբորտներն արգելելու լիազորություն չունի։ Ըստ ընդունված օրենքի՝

— հղիության առաջին երեք ամիսներին տրվում էր աբորտի բացարձակ իրավունք,
— կառավարության կողմից որոշակիորեն կարգավորվում էր հղիության երկրորդ եռամսյակում աբորտ անելու հնարավորությունը,
— սահմանափակվում կամ արգելվում էր հղիության արհեստական ընդհատումները վերջին եռամսյակում, քանի որ պտուղն արդեն կարող է ապրել արգանդից դուրս,
— հղիության վերջին եռամսյակում կինը կարող էր աբորտ անել՝ չնայած օրինական արգելքին, միայն այն դեպքում, եթե բժիշկները հաստատեն, որ դա անհրաժեշտ է փրկելու նրա կյանքը կամ առողջությունը: