Microsoft կորպորացիային պատկանող LinkedIn ընկերությունը տուգանվել է 1.8 միլիոն դոլարի չափով՝ Կալիֆորնիայի իր գրասենյակներում 2015-2017 թվականներին աշխատող 686 կանանց տղամարդկանցից ավելի քիչ վճարելու համար, հաղորդում է The New York Times-ը։ Գումարն ամբողջությամբ կփոխանցվի ընկերությունում աշխատող կանանց․ 1.75 միլիոն դոլարը՝ որպես հետադարձ աշխատավարձեր և 50 հազար դոլարը՝ որպես տոկոսադրույք։ Տուգանքի որոշումը կայացվել է ԱՄՆ աշխատանքի նախարարության բողոքի հիման վրա։
Կառույցը պարզել է, որ ընկերությունը տեխնիկական, մարքեթինգի և արտադրական բաժիններում աշխատող կանանց կանոնավոր կերպով վճարում էր նշանակալիորեն ավելի քիչ, քան տղամարդկանց։
Կառավարական մարմինների պնդմամբ, LinkedIn-ը չի հետևել պետական աշխատողների նկատմամբ սեռական խտրականության բացառման մասին ԱՄՆ աշխատանքային օրենսդրությանը:
Ինքը՝ LinkedIn-ը իր կողմից որևէ սխալ գործելակերպ չի ընդունում․ «Համաձայնել ենք այս հարցը կարգավորելուն, սակայն կառավարության պնդմանը համաձայն չենք», – հայտարարել է ընկերությունը։
Ընկերությունն այնուամենայնիվ համաձայնել է նաև հետագա երեք տարիների ընթացքում զեկուցումներ կատարել՝ վերանայելով վարձատրման իր քաղաքականությունը կատարելով համապատասխան փոփոխություններ․ բացի այդ LinkedIn-ի կողմից կստեղծվի «խտրականություն չցուցաբերելու պարտավորվածության» մասին թրեյնինգային ծրագիր։
2021 թվականին բազմազանություն ապահովելու մասին հաշվետվության մեջ, LinkedIn-ը նշել է, որ տղամարդկանց ստացած ամեն 1 դոլարի համեմատ կանայք ստանում են 0.999 դոլար։ Ընկերությունը աշխարհով մեկ 19 հազար աշխատակից ունի․ աշխատուժի 54%-ը տղամարդիկ են, 45%-ը՝ կանայք և 1%-ի գենդերը հայտնի չէ։ Մյուս կողմից, տեխնիկական սպասարկման աշխատողների մեծամասնությունը՝ 74%, տղամարդիկ են։ Ղեկավարող պաշտոններ զբաղեցնող մարդկանց մեծ մասը՝ 58%, նույնպես տղամարդիկ են։
ԱՄՆ֊ում կանայք առհասարակ ավելի ցածր աշխատավարձ են ստանում․ 2021 թվականի հաշվարկների համաձայն լրիվ դրույքով աշխատող կանայք վարձատրվել են իրենց տղամարդ գործընկերների աշխատավարձի 83%֊ի չափով։