Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատը հրազենի վերահսկման մասին օրինագիծ է ընդունել․ այս ոլորտում վերջին 30 տարիների ամենակարևոր ու սպասված օրենքը։ 15 հանրապետականներ միացել են Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատներին՝ աջակցելով օրինագծին: Նախագծի օգտին քվեարկել է 65 սենատոր, դեմ՝ 33։
Օրինագիծը ներկայացվել է Բուֆալոյի սուպերմարկետում և Ուվալդայի տարրական դպրոցում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց զանգվածային սպանություններից հետո:
«Այսօր, 28 տարվա անգործությունից հետո, Կոնգրեսի անդամները երկու կուսակցություններից հավաքվեցին՝ ականջալուր լինելու ողջ երկրի ընտանիքների կոչին․ ընդունելու օրենք՝ մեր հասարակության մեջ հրազենային բռնության դեմ պայքարելու համար», – հայտարարել է նախագահ Ջո Բայդենը:
Նախքան նախագահի ստորագրությանը հանձնելը՝ նախագիծը պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից։ Խոսնակ Նենսի Փելոսին խոստացել է սեղմ ժամկետներում օրինագիծը տեղափոխել Ներկայացուցիչների պալատ՝ չնայած հանրապետականների ընդդիմությանը. Կոնգրեսի ստորին պալատի հանրապետական առաջնորդ Քևին Մաքքարթին կոչ է արել կուսակցության անդամներին դեմ քվեարկել օրինագծին:
Նոր օրինագծի դրույթները, սակայն, շատ հեռու են այն փոփոխություններից, որոնց համար պայքարում են շատ դեմոկրատներ և ակտիվիստներ:
Ի՞նչ է նախատեսվում օրինագծով
Բարեփոխումները ներառում են 21 տարեկանից ցածր գնորդների համար կենսագրական տվյալների ավելի խիստ ստուգումներ, ինչպես նաև 15 միլիարդ դոլար դաշնային ֆինանսավորում հոգեկան առողջության ծրագրերի և դպրոցների անվտանգության բարելավման համար:
Նախատեսվում է ֆինանսական միջոցներ առանձնացնել յուրաքանչյուր նահանգին՝ իր օրենսդրության մեջ բարեփոխումներ կատարելու և վտանգ ներկայացնող մարդկանցից զենք առգրավելու համար։
Օրինագծով արգելվում է նաև զենք վաճառել նրանց, ովքեր դատապարտվել են զուգընկերոջ/ուհու հանդեպ դաժան վերաբերմունքի համար։ Խոսքը չի վերաբերում ամուսնական կապի մեջ գտնվող զույգերին։
Ո՞վ է դեմ զենքի վերահսկմանը
Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ է, որ զենքի վերահսկմանը վերաբերող բարեփոխումները ստացել են նման մակարդակի աջակցություն ինչպես դեմոկրատների, այնպես էլ՝ հանրապետականների կողմից:
Այնուամենայնիվ, Տեխասի սենատոր Թեդ Քրուզը, ով ենթադրաբար 2024թ․-ին նախագահի թեկնածու է առաջադրվելու հանրապետականների կողմից, դատապարտել է օրինագիծը որպես «օրինապաշտ քաղաքացիներին զինաթափելու փորձ»։ Փոխարենը, ըստ նրա, «պետք է կիրառել լուրջ միջոցներ՝ մեր երեխաների անվտանգության համար»։
Ազգային հրացանների ասոցիացիան (NRA), զենքի ամենահզոր լոբբին ԱՄՆ-ում (ունի զգալի բյուջե՝ Կոնգրեսի անդամների վրա ազդելու համար), նույնպես դեմ է եղել օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն չի դադարեցնի բռնությունը։
Ավելի վաղ նախագահ Բայդենը հայտարարել էր, որ նոր առաջարկները քայլ են ճիշտ ուղղությամբ, սակայն բավարար չեն։ Նա պնդում էր, որ հարկավոր են ավելի մասշտաբային բարեփոխումներ, ներառյալ՝ Տեխասի և Բուֆալոյի զանգվածային սպանությունների ժամանակ օգտագործված ավտոմատ հրացանների արգելումը, կամ գոնե դրանք գնելու նվազագույն տարիքի բարձրացումը․ 18 տարեկանից բարձրացնել 21։
«Զենք պահելու և կրելու ժողովրդի իրավունքը, չպետք է խախտվի», – ասվում է Միացյալ Նահանգների սահմանադրության մեջ։ Ամերիկացիների մի մասը դեմ է զենքի ցանկացած վերահսկողությանը՝ անվանելով այն ազատության սահմանափակում, մյուս մասը պայքարում է զենքի օգտագործման ու սեփականաշնորհման օրենքները վերանայելու համար։ Ըստ Gallup-ի 2020թ․-ին անցկացված հարցումների՝ ամերիկացիների միայն 52%-ն է ցանկանում զենքի օրենքների խստացում, 35%-ը կարծում է, որ օրենքը պետք է նույնը մնա, իսկ 11%-ը կողմ է օրենքի մեղմացմանը:
Ըստ Mass shooting tracker տվյալների բազայի՝ ԱՄՆ-ում տարեսկզբից ի վեր 326 զանգվածային սպանություն է եղել։ Կայքը «զանգվածային սպանություն»-ը սահմանում է որպես բռնության դրսևորում, որի ժամանակ առնվազն 4 մարդ է գնդակահարվել։
ԱՄՆ-ն աշխարհի հարուստ երկրների շարքում հրազենից մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի։ Ըստ Gun Violence Archive հետազոտական խմբի՝ այս տարի երկրում ավելի քան 20․900 մարդ է մահացել հրազենային բռնության հետևանքով՝ ներառյալ սպանություններն ու ինքնասպանությունները: