Աշխարհի միջուկային զենք ունեցող 9-ը երկրները 2021թ․֊ին 82․4 միլիարդ դոլար են ծախսել իրենց ատոմային սպառազինության արդիականացման համար՝ 8%-ով ավելի, քան նախորդ տարի:
Միջուկային զենքի վերացման միջազգային արշավի (ICAN) տարեկան զեկույցի տվյալներով միջուկային զենքի վրա ամենաշատը ծախսել է Միացյալ Նահանգները՝ ընդհանուր ծախսերի կեսից ավելին։
Պատկերն այսպիսին է՝
- Միացյալ Նահանգներ՝ 44.2 միլիարդ դոլար
- Չինաստան՝ 11.7 միլիարդ դոլար
- Ռուսաստան՝ 8.6 միլիարդ դոլար
- Մեծ Բրիտանիա՝ 6.8 միլիարդ դոլար
- Ֆրանսիա՝ 5.9 միլիարդ դոլար
- Հնդկաստան՝ 2.3 միլիարդ դոլար
- Իսրայել՝ 1.2 միլիարդ դոլար
- Պակիստան՝ 1.1 միլիարդ դոլար
- Հյուսիսային Կորեա՝ 642 միլիոն դոլար
ICAN֊ը մեղադրում է միջուկային զենք ունեցող երկրներին «անպարկեշտ» ծախսերի մեջ․
«Միջուկային զենք ունեցող երկրները 2021թ․֊ին անպարկեշտ չափի գումարներ են ծախսել զանգվածային ոչնչացման ապօրինի զենքերի վրա, մինչդեռ աշխարհի երկրների մեծամասնությունը կողմ է միջուկային զենքի գլոբալ արգելքին:
Այս ծախսերը չկարողացան զսպել պատերազմը Եվրոպայում և վատնեցին արժեքավոր ռեսուրսները, որոնք կարող էին ավելի լավ օգտագործվել անվտանգության ներկայիս մարտահրավերները լուծելու կամ դեռևս մոլեգնող համաշխարհային համաճարակի հետևանքները հաղթահարելու համար: Պետք է վերջ տալ անիմաստ ծախսերի այս կոռուպցիոն ցիկլին»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI) նախազգուշացրեց, որ Միջուկային զենքի կիրառման ռիսկը Սառը պատերազմից ի վեր հասել է գագաթնակետին, քանի որ «միջուկային ակումբի» երկրները սկսել են ակտիվորեն մեծացնել իրենց զինանոցները։
Ռուսաստանն, օրինակ, արդեն բացահայտ սպառնացել է օգտագործել իր միջուկային զենքը։ Պուտինը ապրիլի վերջին նախազգուշացրեց Արևմուտքին, որ իր ճանապարհին խոչընդոտելու ցանկացած փորձ «ձեզ կհանգեցնի այնպիսի հետևանքների, որոնց երբեք չեք հանդիպել ձեր պատմության մեջ»: Օրեր անց նա հրամայեց Ռուսաստանի միջուկային ուժերին բարձր պատրաստության վիճակի բերել:
Մինչ օրս միջուկային զենքի միակ օգտագործումը եղել է 1945թ․֊ին՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին, երբ Միացյալ Նահանգները ատոմային ռումբեր նետեց Ճապոնիայի Հիրոսիմա ու Նագասակի քաղաքների վրա։