Ըստ Mass shooting tracker տվյալների բազայի՝ ԱՄՆ-ում տարեսկզբից ի վեր 268 զանգվածային սպանություն է եղել։ Կայքը «զանգվածային սպանություն»-ը սահմանում է որպես բռնության դրսևորում, որի ժամանակ առնվազն 4 մարդ է գնդակահարվել։
«Զենք պահելու և կրելու ժողովրդի իրավունքը, չպետք է խախտվի», – ասվում է Միացյալ Նահանգների սահմանադրության մեջ։ Ամերիկացիների մի մասը դեմ է զենքի ցանկացած վերահսկողությանը՝ անվանելով այն ազատության սահմանափակում, մյուս մասը պայքարում է զենքի օգտագործման ու սեփականաշնորհման օրենքները վերանայելու համար։ Ըստ Gallup-ի 2020թ․-ին անցկացված հարցումների՝ ամերիկացիների միայն 52%-ն է ցանկանում զենքի օրենքների խստացում, 35%-ը կարծում է, որ օրենքը պետք է նույնը մնա, իսկ 11%-ը կողմ է օրենքի մեղմացմանը:
Չնայած Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը վերջերս բարձրացնում է զենքի վերահսկման մասին օրենքների խստացման պահանջը, Ազգային հրացանների ասոցիացիան (NRA) շարունակում է մնալ զենքի ամենահզոր լոբբին ԱՄՆ-ում, որն ունի զգալի բյուջե՝ Կոնգրեսի անդամների վրա ազդելու համար:
«Մենք որպես ազգ պետք է հարցնենք ինքներս մեզ՝ տեր Աստված ե՞րբ ենք կանգնելու զենքի լոբբիի դեմ։ Տեր Աստված, ե՞րբ ենք անելու այն, ինչ բոլորս գիտենք, որ պետք է արվի», – հայտարարել էր Բայդենը մայիսի ամսվա ամենաաղմկահարույց զանգվածային սպանություններից հետո։
Երեկ 35-40 տարեկան ամերիկացի տղամարդը կրակ է բացել Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Առնվազն չորս մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել։ Հարձակվողը նույնպես մահացել է՝ ենթադրաբար ինքնասպան է եղել։ Սպանության դրդապատճառները պարզ չեն։
Մայիսի 24-ին Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքում ավագ դպրոցի 18-ամյա աշակերտը կրակ էր բացել տարրական դպրոցում։ Արդյունքում մահացել էր 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա, 2 ուսուցիչ։
Մայիսի 15-ին 18-ամյա ուսանողը կրակել և սպանել էր 10 մարդու Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի սուպերմարկետներից մեկում: Գրեթե բոլորը, ում վրա հարձակվողը կրակել էր սևամորթներ էին:
Թեև կանոնակարգերը տարբեր են կախված նահանգից, կան մի քանի հիմնական պայմաններ ԱՄՆ-ում զենք ձեռք բերելու համար:
Կա՞ նվազագույն տարիք
Քաղաքացիները և օրինական բնակիչները պետք է լինեն առնվազն 18 տարեկան՝ որսորդական կամ այլ տեսակի հրացան և զինամթերք գնելու համար: Մնացած բոլոր հրազենները, օրինակ՝ ատրճանակները, կարող են վաճառվել միայն 21 և ավելի բարձր տարիքի մարդկանց:
Ո՞ւմ համար է սահմանափակվում հրազենի գնումը կամ տիրապետումը
Հասարակության համար վտանգ ներկայացնող մարդիկ, հոգեբուժական հաստատություններ ոչ կամավոր սկզբունքով հայտնված հիվանդները, նախկինում հանցագործության համար դատապարտված անձինք (մեկ տարուց ավելի ազատազրկում) չեն կարող ձեռք բերել ցանկացած տեսակի զենք։
Դաշնային օրենքը նաև արգելում է զենքի վաճառքն այն մարդկանց, ովքեր մեղավոր են ճանաչվել անցած տարվա ընթացքում վերահսկվող նյութեր ապօրինի կերպով պահելու կամ օգտագործելու մեջ: Սա ներառում է մարիխուանան, որը թեև օրինականացվել է ԱՄՆ շատ նահանգներում, սակայն դաշնային օրենսդրության համաձայն անօրինական է:
Օրենքի բացթողումները
Զենք վաճառող յուրաքանչյուր անձ չէ, որ պահանջում է գնորդից հրազեն ունենալու լիցենզիա։ Այսպիսով ատրճանակներն հայտնվում են այն մարդկանց ձեռքին, որոնց այլ կերպ չէր թույլատրվի ունենալ հրազեն:
Համաձայն Ալկոհոլի, Ծխախոտի, Հրազենի և Պայթուցիկների Բյուրոյի, յուրաքանչյուր ոք կարող է առանց լիցենզիայի ատրճանակ վաճառել իր տնից, առցանց, շուկայում կամ զենքի ցուցադրության ժամանակ, քանի դեռ նա չի հետապնդում զենքի վաճառքով զբաղվող բիզնես ունենալու հեռանկար։ Օրինակ կարող է լինել մեկը, ով հրազեն է վաճառում իր անձնական հավաքածուից: