Home / Ոստիկանություն / ԱՄՆ֊ում ոստիկանների անպատժելիության դեմ ցույցերը շարունակվում են

ԱՄՆ֊ում ոստիկանների անպատժելիության դեմ ցույցերը շարունակվում են

Ամերիկայում Բրեոնա Թայլորի սպանության մեջ մեղադրվող ոստիկաններին պատասխանատվության չենթարկելու որոշումից հետո Միացյալ նահանգներում վերսկսված բողոքի ցույցերի արդյունքում ուստիկանության երկու աշխատակից է վիրավորվել։

Հիվանդանոցի աշխատակցուհի 26-ամյա աֆրոամերիկացի Բրեոնա Թեյլորը սպանվել է մարտի 13-ին․ նրա տուն ներխուժած երեք ոստիկանները 6 անգամ կրակել են կնոջ ուղղությամբ։

Ոստիկանությունը Թեյլորի բնակարանում խուզարկություն էր իրականցնում, քանի որ տվյալներ կային, որ թմրանյութերի վաճառքի մեջ մեղադրվող նրա նախկին զուգընկերը կարող է կնոջ բնակարանը օգտագործել հանցավոր նպատակներով։ Բրեոնայի նկատմամբ որևէ մեղադրանք առաջադրված չի եղել։

Լուիսվիլի դատարանը մեղավոր է ճանաչել ոստիկաններից միայն մեկին, իսկ մյուս երկուսի գործողությունները որակվել են որպես «արդարացի և օրինական»։


Թեյլորի սպանության մեջ մեղադրվող երեք ոստիկանները

Դատարանի այսպիսի որոշման դեմ բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել։ Քաղաքացիների և ուժային կառույցների ներկայացուցիչների միջև սկսված բախումների հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ են ստացել ոտիկանության երկու աշխատակիցներ։ Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Դատարանի որոշումն անարդարացի են համարում նաև սոլիդարության ակցիաների մասնակցող Նյու Յորքի, Վաշինգտոնի, Ատլանտայի և Չիկագոյի բնակիչները։

Ամերիկայում ոստիկանական ամենաթողությունների և սևերի նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների ոչ համաչափ գործողությունների դեմ բողոքի ցույցերի մեծ ալիք էր բարձրացել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։

Զանգվածային բողոքի ակցիաներին մասնակցում էին հազարավոր մարդիկ Ամերիկայի տարբեր նահանգներից։ Ոստիկանության աշխատակիցների կողմից սևերի սպանության դեպքեր արձանագրվում էին նաև ցույցերի ընթացքում։

Նախագահական ընտրություններին ընդառաջ, Դոնալդ Թրամփը բողոքի ցույցերն օգտագործում է իր նախընտրական ծրագրում, պնդելով, որ անկարգությունները տեղի են ունենում մեծամասամբ Ժողովրդավարական կուսակցության անդամների կողմից կառավարվող քաղաքներում։ Սպիտակ տան որոշմամբ Նյու Յորք, Պորտլենդ և Սիեթլ քաղաքների ֆինանսավորումը կկրճատվի՝ «քաղաքային իշխանությունների հանցավոր անգործության պաճառով»։