Դոնալդ Թրամփի աշխատակազմը հայտարարել է, որ «անարխիայի քաղաքները»՝ Պորտլենդը, Սիեթլը և Նյու Յորքը, կզրկվեն իրենց տրամադրվող ֆինանսավորման մի մասից։ Սպիտակ տան կարծիքով, այդ քաղաքները խրախոսում են քաղաքացիների հանցավոր պահվածքը, ինչի պատճառով դաշնային բյուջեից տրամադրվող աջակցության ծավալը կտրուկ կիջեցվի։
ԱՄՆ Արդարադատության նախարարության տարածած հայտարարությունում վիճակագրական տվյալներ են ներառված այդ քաղաքներում հանցավոր գործողությունների և՝ դաշնային իշխանությունների կարծիքով խիստ անբավարար ոստիկանական միջամտությունների մասին։
«Չենք կարող թույլ տալ, որ դաշնային բյուջեի գումարներն անիմաստ ծախսվեն, երբ քաղաքացիների անվտանգությունը սպառնալիքի տակ է», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Արդարադատության նախարարությունը Պորտլենդ, Սիեթլ և Նյու Յորք քաղաքների իշխանություններին կոչ է արել «փոխել կառավարման կուրսն ու սկսել լուրջ վերաբերվել պետության տարրական պարտավորություններին՝ քաղաքացիների պաշտպանությանը»։
Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն երեկ Սպիտակ տան այս որոշումը որպես քաղաքական հնարք է որակել։
«Այսօր ես Էլմհըրսթու և Քվինզում եմ եղել, խաղաղություն ու հանգստություն եմ տեսել։ Տեսել եմ, թե ինչպես են մարդիկ աշխատանքի գնում, ինչպես են ուրախանում առաջին դպրոցական օրվա առիթով․ ինչ ասես տեսել եմ, բացի անարխիայից։ Սա պարզապես նախագահ Դոնալդ Թրամփի հերթական խաղերից է», – հայտարարել է Բիլլ դե Բլազիոն։
Քաղաքապետարանի իրավաբանական բաժանմունքը պատրաստվում է դատական գործ հարուցել իշխանությունների դեմ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, հանցավորության ցուցանիշն Ամերիկայի քաղաքներում նվազում է սկսած 1990-ական թվականներից։ Բայց այս տարի աճ է գրանցվել այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ֆիլադելֆիան, Չիկագոն, Նյու Յորքը։
Որքանով կպակասի ֆինանսավորումը և կոնկրետ որ ոլորտներից՝ Սպիտակ տունն ու Արդարադատության նախարարությունը դեռևս չեն հայտնում։
Ինչ է կատարվում քաղաքներում
«Անարխիայի քաղաքներ» անվանված քաղքներում ողջ ամառ չեն դադարել Black Lives Matter շարժման բողոքի ցույցերը, որոշ տեղերում ոստիկանական բարեփոխումներ են սկսվել։
Նյու Յորքում կտրուկ աճել է սպանությունների և փողոցային զինված բախումների թիվը։ Դա մասամբ բացատրվում է համավարակի պատճառով երիտասարդների հետ աշխատանք իրականացնող սոցիալական հաստատությունները փակվելով։
Սիեթլում իշխանությունները ցուցարարներին թույլատրել էին ոստիկաններից ազատ գոտի ստեղծել քաղաքի հենց կենտրոնում։ Հունիսին զոնան լիկվիդացվեց՝ 19-ամյա երիտասարդի սպանությունից հետո։ Բողոքի ցույցերը, սակայն, քաղաքում չեն մարել։
Պորտլենդի մասին Դոնալդ Թրամփը սովորաբար արտահայտվում է որպես «դեմոկրատների վարած» քաղաք և մեղադրում քաղաքային իշխանություննեին փողոցային բռնության դեմ ոչ բավարար գործողություններ ձեռնարկելու մեջ։
Բողոքի ցույցերը Պորտլենդում շարունակվում են արդեն 100 օր անընդմեջ։ Երբեմն ակցիաներն ավարտվում են ոստիկանության հետ բախումներով։