Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաք ուղարկված ուժայինների բիրտ գործողությունները զանգվածային բախումների պատճառ են դարձել։ Քննարկվում է դաշնային իշխանությունների սահմանադրական լիազորությունները վերանայելու անհրաժեշտությունը։
Վերջին օրերին Միացյալ նահանգների խոշոր քաղաքներում վերսկսվել են հակառասիստական ցույցերը։ Դրանք ճնշելու նպատակով նախագահ Դոնալդ Թրամփը դաշնային զորքեր է ներգրավել։
Դաշնային ուժերի Պորտլենդ ուղարկման պաշտոնական պատճառը տեղի դաշնային իշխանության մարմինների շենքերի հսկողությունն է, բայց զրահավորված հագուստներով ուժայինները բիրտ ուժ և արցունքաբեր գազ են կիրառում նաև այդ մարմինների շենքերից հեռու գտնվող հատվածներում։ Ընդդիմությունը կարծում է, որ նախագահն այդ ուժերը քաղաք ուղարկել է սադրանքներ հրահրելու համար, որպեսզի հասարակության մոտ տպավորություն ստեղծվի, որ դեմոկրատների ղեկավարած քաղաքներում քաոս է տիրում։ Պորտլենդում դաշնային գործակալների մասնակցությամբ տեսանյութը արդեն տեղ է գտել Թրամփի նախընտրական հոլովակներում։
Այսօր սկսվել է դաշնային իրավապահների աստիճանական հեռացումը քաղաքից։ Դաշնային դատարանի շենքի դիմաց նրանց փոխարեն հերթագայություն կիրականացնի տեղական ոստիկանությունը, որը գտնվում է քաղաքապետի ենթակայության տակ։ Այս մասին համաձայնության են եկել Օրեգոնի նահանգապետ Քեյթ Բրաունը և ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Չադ Վուլֆը։ Իր հայտարարություններւմ Բրաունը դաշնային ուժայիններին որպես օկուպանտներ էր որակում։
Ավելի վաղ Ամերիկայի վեց քաղաքների քաղաքապետեր Կոնգրեսից պահանջել էին ընդունել օրենք, որը կարգելի նախագահ Դոնալդ Թրամփին առանց իրենց թույլտվության իրենց շրջաններ ուղղորդել լրացուցիչ ոստիկանական ուժերի՝ զանգվածային ցույցերը զսպելու նպատակով։ Քաղաքապետերը պահանջում էին սահմանափակել նախագահի լիազորությունները։
Նրանց պնդմամբ, ցուցարարները հանրահավաքների միջոցով իրացնում են Սահմանադրությամբ երաշխավորված իրենց իրավունքները, իսկ դաշնային ուժերի դաժան միջամտությունը միայն սադրում է ցուցարարներին և պատասխան հակազդեցություն հրահրում։
«Վերջին մի քանի շաբաթներին ամերիկացիներն արձագանքեցին Ջորջ Ֆլոյդի, Բրիենա Թեյլորի, Ահմաուդ Էրբերիի և այլ սևերի սպանություններին, պայքարելով մեր երկրում առկա համակարգային ռասիզմի դեմ։ Մեզ ոգեշնչում է այն, որ մեր քաղաքացիները՝ օգտագործելով Սահմանադրությամբ երաշխավորված իրենց իրավունքը, բողոքում են անարդարության դեմ։ Միևնույն ժամանակ, մենք վրդովված են, որ ԱՄՆ ադմինիստրացիան այդ ցույցերին պատասխանում է դեպի խոշոր քաղաքներ հատուկ նշանակության ստորաբաժանումներ ուղարկելով, ընդ որում, դա անելու համար նրան անգամ տեղական իշխանությունների համաձայնությունը պետք չէ»,- ասվում է Չիկագոյի, Սիեթլի, Փորթլենդի, Ալբուքերքի, Կանզաս սիթիի և Վաշինգտոնի քաղաքապետերի ստորագրած հայտարարության մեջ։
Իրենց հայտարարության մեջ քաղաքապետերը նշում են, որ «դաշնային ուժերն անվերահսկելի են գործում, քանի որ գիտեն իրենց անպատժելիության մասին»։ Կոնգրեսից պահանջում են արգելել Դոնալդ Թրամփին առանց տեղական իշխանությունների համաձայնության հատուկ ոստիկանական ուժեր ուղղորդել դեպի շրջաններ։