Կառավարությունը կփոխհատուցի սոցիալական կացարաններում ապրող միայնակ թոշակառուների կոմունալ վճարները։
Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։ Հիմնական զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյաննը նշեց, որ սոցիալական կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 մարդ, որոնցից 74-ը՝ միայնակ։
Ծրագրից կօգտվեն կացարանում միայնակ ապրող թոշակառուները և միայն կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքները, այդ թվում նաև՝ եթե իրենց խնամքին ունեն անչափահաս երեխաներ:
Նախագծի ընդունման արդյունքում պետությունը կփոխհատուցի նրանց գազի, էլեկտրական էներգիայի, ջրամատակարարման վարձավճարները։ Յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման չափը կսահմանի կառավարությունը: 2020 թվականի համար յուրաքանչյուր շահառուին կփոխանցվի 144 հազար դրամ՝ անկանխիկ եղանակով, հատուկ բացված հաշվեհամարին։ Գումարը կանխիկացնելը կամ այլ նպատակով օգտագործելը արգելվում է։
Փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների ցուցակը կհաստատի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ հիմք ընդունելով սոցիալական տների պատասխանատու աշխատակիցների կողմից տրամադրված տվյալները։