Մանկատան 24 շրջանավարտներ բացառության կարգով կստանան բնակարանի գնման վկայագրեր։ Կառավարության այսօրվա նիստին որոշում է ընդունվել ընդլայնել 2019 թվականի նոյեմբերի 7-ին մեկնարկած՝ «Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակները։
Միջոցառման շրջանակներում մանկատան 300 շրջանավարտներից 133-ը բնակարանի գնման վկայագիր արդեն ստացել են, ևս 22-ի գործն այս պահին քննվում է։ Մանկատան սաներից 130-ին մերժվել է ԲԳՎ-ի տրամադրումը, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ միջոցառման չափանիշներին չհամապատասխանելի հիմքով։
Նախատեսվել էր, որ բնակարանի գնման վկայագիր կստանան մանկատան այն շրջանավարտները, որոնք 1991-2019 թթ․ ընթացքում 18 տարին լրանալու հիմքով դուրս են գրվել մանկատնից, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն և բնակտարածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում:
Այսօրվա որոշմամբ մանկատան 24 սաներ, որոնք «իրավական տեսանկյունից չեն համապատասխանում կառավարության որոշման չափանիշներին», բայց փաստացի գտնվում են նույն սոցիալական իրավիճակում, բացառության կարգով բնակարանի գնման վկայագիր կստանան։