Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) նախագահ Ալի Քերիմլին հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտել է իրենց ընդդիմադիր կազմակերպության անդամների նկատմամբ հետապնդումները։ Քերիմլին առաջարկել է ազատ արձակել ԱԺՃԿ-ի բոլոր ձերբակալված ակտիվիստներին և փոխարենը կալանավորել իրեն։ Նա նաև հայտնել է, որ ձերբակալվածներին ազատ արձակելու դիմաց պատրաստ է հրաժարվել կուսակցության նախագահի պաշտոնից և չառաջադրել իր թեկնածությունը աշնանը կայանալիք ներկուսակցական ընտրություններում։
Հայտարարությունը Քերիմլին հեռախոսակապի միջոցով կարդացել է երեկ երեկոյան՝ «Օսմանիգիզի TV» առցանց հեռուստատեսության եթերում։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Բաքվում կայացած «Ղարաբաղյան ակցիայի» արդյունքում ձերբակալվել է ԱԺՃԿ 40 անդամ։
Հուլիսի 14-15-ին Բաքվում զանգվածային բողոքի ցույցեր էին, որոնց մասնակիցները, նախ, Հայաստանի դեմ պատերազմ էին պահանջում, ապա՝ ադրբեջանական բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների հրաժարականները։ «Ղարաբաղ կամ մահ», «Հրամանատա՛ր, մոբիլիզացիա հայտարարի՛ր» և «Ազատություն Ղարաբաղին» կարգախոսներով, պատերազմ սկսելու կոչերով երթը վերածվել էր հակակառավարական բողոքի ցույցի, որի ընթացքում սկսել են հնչել նաև հրաժարականների պահանջներ։ Առավոտյան 4-ի կողմերը ցուցարարների մի մասին հաջողվել է ներխուժել խորհրդարանի շենք։ Ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի կիրառմամբ ոստիկանները ցուցարարներին հեռացրել են շենքից։ Խորհրդարանի դիմաց հավաքվածները շարունակել են հրաժարականի կոչեր վանկարկել։
Բերման ենթարկվածներից 14-ը մեղադրվում են քրեական հոդվածներով, 13-ի նկատմամբ վարչական պատիժ է սահմանվել։
ԱԺՃԿ ևս տասը անդամներ արդեն տևական ժամանակ ձերբակալված են քաղաքական դրդապատճառներով։
Քերիմլիի պնդմամբ, կալանավորվածների մեծ մասը չի էլ մասնակցել հուլիսի 14-ի ակցիային, իսկ նրանք, ովքեր մասնակցել են, չեն ներգրավվել հակաօրինական ակցիաներում և չեն ներկայացրել քաղաքական պահանջներ։
Կուսակցսության առաջնորդը հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների մեկնարկից հետո Ժողովրդական ճակատն ու Ազգային խորհուրդը քաղաքացիներին հորդորել էին մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու դադարեցնել քննադատությունները իշխանության հասցեին։
Քերիմլիի կարծիքով, ԱԺՃԿ նկատմամբ հետապնդումներն իրականացվում են նախագահ Իլհամ Ալիևի անմիջական հրամանով։
«Եթե խնդիրը ես եմ՝ դադարեցրեք ճնշումները, ձերբակալեք ինձ, բայց ազատ արձակեք Ժողովրդական ճակատի կալանավորված անդամներին։ ․․․Ազատ արձակեք վերջին դեպքերի արդյունքում բերման ենթարկվածներին, բոլոր քաղբանտարկյալներին, և ես հրաժարական կներկայացնեմ, իսկ աշնանը կայանալիք ներկուսակցական ընտրություններում չեմ առաջադրի իմ թեկնածությունը», – հայտարարել է Քերիմլին։