Home / Հայաստան / Ալիևը սպառնում է այլևս չբանակցել Ղարաբաղի շուրջ

Ալիևը սպառնում է այլևս չբանակցել Ղարաբաղի շուրջ

Ադրբեջանը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում, երեկ տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր դիրքորոշումը հիմնվում է պատմական արդարության և միջազգային իրավունքի վրա։ Հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մենք թույլ չենք տա, որ ադրբեջանական տարածքում երկրորդ հայկական պետությունը ստեղծվի», – ասում է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի «ոչ հստակ հայտարարությունները և անարդյունք բանակցություններ»։

«Մենք [ԵԱՀԿ Մինսկի խմբից] այլ արձագանք ենք ակնկալում։ Հստակ հայտարարություններ ենք սպասում։ Երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է, ինչո՞ւ Մինսկի խումբը չի արձագանքում, չի նշում, որ այդ արտահայտությունը հակասում է բանակցությունների էությանը և դրանք փաստացի անիմաստ դարձնում», – նշում է Ալիևը։

Նա կարծում է, որ միջնորդների արձագանքը համահունչ չէ նաև հայկական կողմի ջանքերին՝ բանակցությունների «ձևաչափը փոխելու» վերաբերյալ:

«Աբստրակտ հայտարարություններ են անում, սիրաշահում են և՛ մեզ, և՛ նրանց։ Այդ ժամանակներն անցել են, հստակություն է պետք», – ասել է Ալիևը, ավելացնելով, որ եթե միջնորդները հակամարտությունը խաղաղ հանգուցալուծում են ուզում՝ պետք է խոսեն այս մասին։

«Պնդում են, որ խնդիրը ռազմական լուծում չունի, իսկ ո՞վ ասաց։ ․․․Մենք միջնորդներից ավելի հստակ և նպատակային հայտարարություններ ենք սպասում»։

Միջնորդների քննադատությունից հետո Իլհամ Ալիևը նշել է, որ «այս պահինբանակցություններ փաստացի չեն վարվում, արտգործնախարարների տեսակոնֆերանսները նշանակություն չունեն․ պարզապես տպավորություն են ստեղծում, իբր Մինսկի խումբը գործում է»։

«Նորից եմ կրկնում, մենք չենք բանակցի հանուն բանակցությունների, մեզ ըստ էության բանակցություններ են պետք՝ առանց ձևաչափը փոխելու։ Այդ դեպքում իհարկե կմասնակցենք, հակառակ դեպքում այդ բանակցությունների կարիքը չի լինի», – հայտարարել է Ալիևը։