Home / Մարզեր / Վրացական անձնագիրն ամերիկականից լավն է

Վրացական անձնագիրն ամերիկականից լավն է

Վրաստանի դիրքն անհամեմատ լավացվել է Arton Capital ընկերության կազմած Անձնագրային գործակիցների (Passportindex.org) դասակարգման ցանկում։ Հարթակի տվյալներով, կորոնավիրուսի համավարակի պայմաններում Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են ճամփորդել դեպի աշխարհի 57 երկրներ, ևս 35 երկրի համար կարող են այցելության վիզա ստանալ։

Վրաստանի շարժունության գործակիցը 92 միավոր է, իսկ անհատական վարկանիշային ցանկում երկիրը զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը։

Ցուցակը գլխավորում են Ճապոնիան և Նոր Զելանդիան։ Ավանդապես «ուժեղ» համարվող ամերիկյան անձնագիրը 52-րդ հորիզոնականում է։ Հարթակի տվյալներով, համավարակի պայմաններում ամենաշատ սահմանափակումները սահմանվել են Սինգապուրի, ԱՄՆ֊ի և Չիլիի քաղաքացիների նկատմամբ։

Կորոնավիրուսի տարածման ցածր տեմպի շնորհիվ Վրաստանը հայտնվել է երկրների ցանկում, որոնց հետ Եվրամիությունը հուլիսի մեկից բացել է սահմանները։ Որոշ երկրներ, սակայն, դեռևս շարունակում են սահմանափակել Վրաստանի քաղաքացիների մուտքը։

Ռուսաստանն այդ վարկանիշային ցանկում 59-րդն է, Ուկրաինան՝ 101, Ադրբեջանը՝ 123։ Հայաստանը զբաղեցրել է 135-րդ հորիզոնականը։