հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մարզեր / Վրաստանի խորհրդարանը կընտրվի խառը համակարգով

Վրաստանի խորհրդարանը կընտրվի խառը համակարգով

Վրաստանի խորհրդարանը վերջին՝ երրորդ ընթերցմամբ հաստատեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ կապված ընտրական համակարգի հետ։

Կողմ քվեարկել է 117 պատգամավոր, դեմ՝ 3-ը։ «Եվրոպական Վրաստա» և «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։

Ընդունված փոփոխությունների համաձայն, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները խառը համակարգով կանցնեն (120 պատգամավորներ կընտրվեն համամասնական կարգով, 30-ը՝ մեծամասնական) 1%-անոց ընտրական շեմով։ Բացի այդ, եթե որևէ կուսակցություն 40.54%֊ից ավելի քիչ աջակցություն ունենա, չի կարողանա ինքնուրույն կառավարություն ձևավորել։

Ինչ վերաբերում է մանդատներին, ապա դրանք կուսակցությունների և ընտրական դաշինքների միջև կբաշխվեն առավելագույն մնացորդով (յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ)։

2020 թվականի ընտրություններում Վրաստանի մասշտաբով կլինի 30 մենամանդատ մեծամասնական շրջան։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր կուսակցությունները 2019 թվականի նոյեմբերի 14-ին խորհրդարան էին ներկայացրել ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծը, որը, սակայն, չընդունվեց։ Այդ օրվանից բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսվել։ Որպես փոխշահավետ տարբերակ ընդդիմությունը «գերմանական մոդել» էր առաջարկում, որը սակայն ևս մերժվեց։

Այսօրվա քվեարկությունը ընդդիմադիր գործիչները բոյկոտում էին։ Դրական տեղաշարժի փաստը, սակայն, ընդունում են։

«Արդյունքը, որին վրացական հասարակությու հասավ ընտրական համակարգի բարեփոխումների հետ կապված՝ դրական փոփոխություն է։ Սա այն չէ, ինչ պահանջում էր ժողովուրդը՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգ, բայց սա էլ կարող է ընդունելի կոմպրոմիս համարել։ ․․․Եթե մեկ տարի առաջ ինչ֊որ մեկն ասեր, որ Իվանիշվիլին ու նրա ծաղրածուները համամասնականին ավելի մոտ ընտրական համակարգ կընդունեն ու կհամարեն, որ հաղթել են ընդդիմությանը՝ կծիծաղեինք»,- նշել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան։