հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Վրաստանի խորհրդարանն ազատագրեցին ջրցաններով

Վրաստանի խորհրդարանն ազատագրեցին ջրցաններով

Ոստիկանության ու հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվեց ցուցարարներին դեպի մայթեր հրել, ապամոնտաժել վրաններն ու ազատել Ռուսթավելիի պողոտայի երթևեկելի գոտին։ Այս պահի դրությամբ Ռուսթավելի 2 հեռուստաալիքը հայտնում է 18 ձերբակալվածի մասին։

Երեկվանից վրաններով Ռուսթավելիի պողոտայում հավաքված ցուցարարներն այսօր խոչընդոտեցին իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների մուտքը խորհրդարան։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ, որի համաձայն ապօրինի գործողությունները չդադարացնելու և 30 րոպեի ընթացքում խորհրդարանի հարակից տարածքները չազատելու դեպքում ոստիկանությունը ստիպված կլինի դիմել առավել կոշտ միջոցների։

30 րոպեից հետո, որի ընթացքում ցուցարարները չհեռացան Ռուսթավելիի պողոտայից և դեպի խորհրդարան տանող մյուս փողոցներից, հատուկ նշանակության մի քանի զորաջոկատներ շարժվեցին դեպի հանրահավաքի վայր։ Ցուցարարները նրանց դիմավորեցին վեր պարզած ձեռքերով, փոխանցելով, որ չեն պատրաստվում ոչ հեռանալ, ոչ էլ անկարգությունների դիմել։ Անգամ ջրցան մեքենաներով ոստիկաններին չհաջողվեց ցրել հավաքվածներին։

Ոստիկանության հատուկ ծառայության մի քանի ջոկատներ փորձում էին ապամոնտաժել խորհրդարանի հարակից տարածքներում տեղակայված վրաններն ու բեմի նման պատրաստված հատվածը, որից ցույցի մասնակիցները ելույթներ էին ունենում։ Ցուցարարները վանկարկում էին «ամոթ է» և ոստիկաններին հորդորում «դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ»։

Ընդդիմության առաջնորդները պնդում էին, որ անկախ դիմադրությունից, իրենք չեն պատրաստվում թողնել խորհրդարանի շենքի շրջափակումը։

Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ, իրավապահների և ցուցարարների միջև բախումների արդյունքում ձերբակալություններ են եղել։ Բերման ենթարկվածների թվում է «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջապարիձեն, «Միացյալ ազգային շարժման» անդամ Օթար Սիրաձեն, ակտիվիստներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ։

Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև Աջարիայի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր և «Միացյալ ազգային շարժման» անդամ Էլգուջու Բագրատիոնիին։ Ձերբակալության պատճառը դեռևս հայտնի չէ։

Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն այսօրվա նիստին իր հետ շղթա և կողպեք էր տարել։ Այդպիսի շղթաներով ցուցարարներն այսօր փակել էին խորհրդարանի շենքի մուտքերը։

«Ցավոք, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն ասօր կողպեքներ էին տեղադրել շենքի դարպասներին։ Եվ դա արել էին մարդիկ, ովքեր ժամանակին «կողպեքներ էին կախել» մարդու իրավունքներից, ԶԼՄ֊ների ազատությունից, մասնավոր սեփականությունից, գաղափարների և ինստիտուտների ազատությունից, իսկ հետո մենաշնորհային լրատվականների միջոցով հանրությանը համոզում էին, որ հենց դա է ազատությունն ու ժողովրդավարությունը», – հայտարարեց Արչիլ Տալակվաձեն։

Խորհրդարանի խոսնակը շղթան ցուցադրաբար ընդդիմությանն է վերադարձրել ու շարունակել․ «Թող սա իրենց մոտ պահեն, որ միշտ հիշեն, որ մարդու իրավունքների, պետական սեփականության, ԶԼՄ֊ների, ինստիտուտների և խորհրդարանի վրա նրանք երբեք չեն կարողանա կողպեք տեղադրել»։

Նիստը սկսվել է ցուցարարների խորհրդարանի շենքի հարակից տարածքներից հեռացնելուց հետո։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14֊ին չընդունեց խորհրդարանական մեծամասնության առաջարկած օրենսդրական նախագիծը սահմանադրական փոփոխությունների մասին, որոնցով նախատեսվում էր անցում կատարել ընտրությունների համամասնական համակարգի։ Խորհրդարանը տապալեց այդ քվեարկությունը հենց «Վրացական երազանքի» որոշ պատգամավորների պատճառով, ովքեր մեծամասնական համակարգով էին ընտրվել։