Վրաստանի խորհրդարանն այսօր՝ նոյեմբերի 14֊ին, պլենար նիստի ժամանակ չընդունեց խորհրդարանական մեծամասնության առաջարկած օրենսդրական նախագիծը սահմանադրական փոփոխությունների մասին, որոնցով նախատեսվում էր անցում կատարել ընտրությունների համամասնական համակարգի։
Սահմանադրական օրինագծով պետք է չեղարկվեր ընտրությունների մեծամասնական համակարգն ու ընտրությունները պետք է համամասնական սկզբունքով անց կացվեին արդեն 2020 թվականին՝ Վրաստանի ներկայիս Սահմանադրությամբ սահմանված տարբերակի 2024 թվականի փոխարեն։ Խորհրդարանական մեծամասնության ներկայացրած տարբերակն ընդդիմության առաջարկից տարբերվում է ընտրական բլոկերի ու ընտրական բարիերների անհրաժեշտության բացակայությամբ։ Այդ տարբերակը լսումների հենց առաջին օրը մերժվել էր խորհրդարանի կողմից։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համաձայնել էր չեղարկել մեծամասնական սկզբունքը այս տարվա հունիսի 20-21-ին Թբիլիսիի կենտրոնում զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում։ Հակառուսական ցույցերի մասնակիցների պահանջներից էր անցումը ընտրությունների համամասնական համակարգի։
Սահմանադրական փոփոխությունների մասին օրինագծի ընդունման տապալումից հետո խորհրդարանական մեծամասնության մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ հայտարարեցին պաշտոնաթողության և մեծամասնության շարքերը լքելու մասին։
Խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին չբացառեց, որ ինքը ևս կարող է հեռանալ «Վրացական երազանքի» իր պաշտոնից և առհասարակ կուսակցությունից։ Պաշտոնանկության հնարավորության մասին հայտարարած գործիչներն են եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Թամար Խուլորդավան, նույն հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Պրուիձեն, արտաքին կապերի հանձնաժողովի քարտուղար Սոֆո Կացարավան, պատգամավորներ Գեորգի Մոսիձեն, Դմիտրի Ցկիտիշվիլին, Զազա Խուցիշվիլին։
«Ամոթ է» և «Փոխիր» շարժումների անդամները նիստի ավարտից անմիջապես հետո արգելափակել են խորհրդարանի մուտքերը։ Ակտիվիստները պնդում են, որ կշարունակեն բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ունենա հստակ երաշխիքներ, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանց կացվեն համամասնական սկզբունքով։
Քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմության ներկայացուցիչները փակել են Խորհրդարանի դիմաց գտնվող Ռուսթավելի պողոտան։ Փողոցի երթևեկելի գոտում նստացույց է, որին մասնակցում են տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ, ընդդիմության առաջնորդներ։
Ոստիկանության աշխատակիցները դեռևս վճռական քայլեր չեն ձեռնարկում ցուցարարներին հեռացնելու ուղղությամբ՝ ցուցարարներին էլ ավելի չսադրելու համար։ Բողոքի ակցիայի մասնակիցները զայրացած են, պնդում են, որ իշխանությունները ևս մեկ անգամ հուսախաբ արեցին իրենց։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն ըստ «Հավաքների ազատության մասին օրենքի», չի կարելի արգելափակել օրենսդիր մարմինների աշխատանքային շինություններն ու խոչընդոտել պաշտոնյաների ազատ տեղաշարժին։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին սահմանադրական փոփոխությունների մասին օրինագծի տապալման հետ կապված հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Ես հիասթափված եմ, որ չհաջողվեց կյանքի կոչել 2020 թվականի ընտրությունները համամասնական սկզբունքով և զրոյական բարիերով անց կացնելու մեր նախաձեռնությունը։ Ցավոք, խորհրդարանը տապալեց այդ քվեարկությունը հենց «Վրացական երազանքի» որոշ պատգամավորների պատճառով, ովքեր մեծամասնական համակարգով էին ընտրվել»։
Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ մեկնաբանելով իշխող կուսակցության՝ 2020 թվականի ընտրություններին ընդառաջ խոստացված սահմանադրական փոփոխությունների անցկացման հետ կապված ձախողումը, հիշեցրել է «վարդերի հեղափոխության» մասին։
«Շուտով՝ նոյեմբերի 23-ին, Գիորգոբայի տոնն է, և Վրաստանի ժողովուրդը պետք է միախմբվի, խաղաղ մոբիլիզացիա կազմակերպի», – ֆեյսբուքի իր էջում տարածած տեսաուղերձում ասել է Ուկրաինայում բնակվող Վրաստանի նախկին նախագահը։
«Ինչպես և սպասում էինք, Իվանաշվիլին բոլորիս գցեց ու հիմարեցրեց։ Այս ռեժիմը լեգիտիմություն չունի, այնպես որ ամեն ինչ մեզնից է կախված։ Ուժը միասնության մեջ է, մեզ մոտ ամեն ինչ կստացվի», – ասել է Սահակաշվիլին։