Home / Ազգային ժողով / Վրաստանի ընդդիմությունը չի հանձնվում․ կան բերման ենթարկվածներ

Վրաստանի ընդդիմությունը չի հանձնվում․ կան բերման ենթարկվածներ

Վրաստանի խորհրդարանի մոտ կայացած բողոքի ակցիայի արդյունքում բերման է ենթարկվել 28 քաղաքացի, այսօր առավոտյան հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության հայտարարության համաձայն, բերման ենթարկվածները մեղադրվում են «իրավապահ մարմինների ներկայացուցիչների օրինական պահանջին չենթարկվելու» և «մանր խուլիգանությունների» մեջ։

Խորհրդարանի մոտ ակցիաները սկսվել էին երեկ՝ նոյեմբերի 25-ի երեկոյան։ Ցուցարարները հավաքվել էին «Միասին՝ մեկի դեմ» կարգախոսով։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստների կենդանի շղթայով շրջափակել էին խորհրդարանի մուտքերը։ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայի երթևեկելի գոտում վեց վրան էր տեղադրվել՝ խորհրդարանի շենքի մոտ գիշերելու և այսօրվա նիստը խափանելու նպատակով։

https://youtu.be/qAeAYNeH0Yk

Ոստիկանությունը սկզբնական շրջանում չէր խոչընդոտում ցուցարարների գործողություններին։ Գիշերը սակայն, հերթական նախազգուշական հայտարարութունից հետո, բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու և խորհրդարանի մուտքերն ու հարակից տարածքներն ազատելու համար ջրցան մեքենա կիրառվեց։ Արդյունքում 3 քաղաքացիներ բժշկական հաստատություններ տեղափոխվեցին։ Այսօր առավոտյան խորհրդարանի շենքի մոտից հոսպիտալացվեց ևս մեկ քաղաքացի։ Ականատեսների փոխանցմամբ, նա ջրվել էր ջրցան մեքենայի կողմից և գիշերն այդ վիճակում փողոցում մնացել։ Առողջապահության նախարարությունը հերքեց քաղաքացու ցրտահարության փաստը, նշելով որ նրա մոտ ալկոհոլային թունավորում է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ի հանրահավաքը ևս ավարտվել էր ջրցան մեքենայի կիրառությամբ։

Թվիթերի իր էջում Թբիլիսյան ցույցերին անդրադարձել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Դանիել Բալսոնը․ «Տեսնելով, թե ինչպես է Վրաստանի ոստիկանությունը ցրում բողոքի ակցիաները, Amnesty International֊ը հստակ հայտարարում է․ անվտանգության ուժերը պե՛տք է հարգեն ցուցարարների հավաքների ազատության և անհամաձայնություն հայտնելու իրավունքը։ Վրաստանի կառավարական պաշտոնյաները, ինչպիսիք են Գեորգի Գախարիան, ԱՄՆ֊ում Վրաստանի դեսպանությունը և այլն, պետք է հասկանան, որ ԱՄՆ կառավարությունն ուշադիր հետևում է Թբիլիսիի իրադարձությունների զարգացմանը»։

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14֊ին չընդունեց խորհրդարանական մեծամասնության առաջարկած օրենսդրական նախագիծը սահմանադրական փոփոխությունների մասին, որոնցով նախատեսվում էր անցում կատարել ընտրությունների համամասնական համակարգի։ Ընդդիմության ներկլայացուցիչներն ու ակտիվիստներն այդ օրվանից բողոքի ակցիաներ են իրականացնում խորհրդարանի շենքի դիմաց։ Ընդդիմությունը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ միասնական է․ առաջարկում են 2020 թվականի ընտրություններն անց կացնել «գերմանական մոդելի» համաձայն։ Իշխանությունները հրաժարվում են վերադառնալ ընտրությունների թեմային և հարցը փակված են համարում։