Վրացական հասարակությունում դժգոհության լիցքը կուտակվել է արդեն երկար տարիներ, ընդ որում՝ բնակչության ամենատարբեր շերտերի շրջանում։ Ակտիվ ազատական երիտասարդությունն ավելի շատ ազատություն է ուզում, նրանց ծնողների ակտիվ պահպանողական սերունդը՝ ավելի շատ «կարգուկանոն»։ Բոլոր տարիքների ոչ ակտիվ քաղաքացիների իներտ խումբը միշտ ուզում է, որ աշխատանք լինի, գները չբարձրանան, ակտիվ քաղաքացիները չբարկացնեն։ Սրանց ավելացնենք բոլոր ենթատեսակների կեղծ լուրերը, Հարավային Օսետիայի և Աբխազիայի հետ «սահմանին» մշտական լարվածությունը, հիանալի հարաբերությունները Ռուսաստանի հետ, եկեղեցական սկանդալներն ու վրացական արժույթի դանդաղ, բայց հավատարիմ աճը…
Խորհրդարանական ընդդիմությունից (aka Սահակաշվիլիի կուսակցության մնացորդներ) շատերը հիասթափված են։ Գործող խոշոր կուսակցությունները փաստացի քաղաքական հարթակ չունեն, նույն խոսացող գլուխները ճոճանակով աջ ու ձախ են գնում։ Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցության ազդեցությունը մեծամասամբ ապահովում են երկրի տարբեր հատվածներ ներկայացնող մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, ովքեր խորհրդարանի կեսն են։
Այս տարվա հունիսի բազմահազարանոց ցույցերից և գազի, ջրցան մեքենաների, մահակների ու ռեզինե փափուշտների կիրառությամբ դրանց ցրումից հետո Իվանիշվիլին «բարի կամքի» ժեստի մասին հայտարարեց՝ մեծամասնական համակարգի չեղարկում 2020 թվականի հոկտեմբերի ընտրություններից սկսած։ Բոլոր տեղերը խորհրդարանում պետք է բաշխվեն ուղիղ համամասնական սկզբունքով․ ստացել ես ձայների 10 տոկոսը, զբաղեցնում ես մանդատների 10 տոկոսը։ Սա տպավորություն ստեղծեց, որ ընտրություները կանցնեն իրական քաղաքական մրցակցության պայմաններում, իսկ իշխանությունները կզրկվեն հիմնական խաղաքարտից, գուցե նաև մեծամասնությունից։
Խոստումից հետո ցույցերը դադարեցին։ Չնայած իշխանությունների և մասնավորապես «Վրացական երազանքի» առաջնորդ Իվանիշվիլիի նկատմամբ անվստահությանը, շատ ակտիվիստներ հավատացին խոստմանը։ Նաև երևի ամառ էր, ջահելները ծով էին ուզում։
Ցուցարարների պահանջներից էր նաև Ներքին գործերի նախարար Գախարիայի հրաժարականը, ով մի քանի ամիս անց պաշտոնի բարձրացում ունեցավ ու դարձավ երկրի վարչապետ, փաստացի՝ պետության ղեկավար։ Դատախազությունը ծուլորեն «հետաքննում է» ոստիկանության կողմից լիազորությունների հնարավոր չարաշահումը ամռան ցույցերի ցրման ժամանակ, երբ երկու երիտասարդ զրկվեցին աչքից, հարյուրները հիվանդանոցում հայտնվեցին ավելի մեղմ վնասվածքներով։
Նոյեմբերի 14-ին վրացական խորհրդարանը բարեհաջող կերպով տապալեց ընտրական համակարգի բարեփոխումների օրինագծի ընդունումը։ Իվանիշվիլին ասաց, որ խիստ ցավում է, բայց դե այսպես ստացվեց․ չլսեցին սեփական կուսակցության անդամները։ Ցուցարարների համար սա վատ արգումենտ էր․ բարեփոխումներին դեմ քվեարկած ոչ մի պատգամավոր նախկինում ոչ հակաճառում էր «Վրացական երազանքի» առաջնորդին, ոչ էլ առհասարակ ելույթներ էր ունենում խորհրդարանից։
Ցույցերը վերսկսեցին: Այս անգամ միացան նաև ընդդիմադիր քաղաքական գործիչները, ընդ որում՝ միասնաբար, նույնիսկ իրար ատողները։ Նույնիսկ «Վրացական երազանքի» որոշ պատգամավորներ լքեցին մեծամասնությունն ի նշան բողոքի։ Թբիլիսիի կենտրոնում փողոցները փակեցին, վրանները խփեցին, խարույկներ վառեցին, սկսեցին չար երգեր երգել։ Նոյեմբերի 18-ին ցուցարարները փորձում էին արգելափակել պատգամավորբերի մուտքը խորհրդարանի շենք։ Ակցիան ցրեցին ջրցան մեքենաներով, առանց դաժանության, առանց վնասված աչքերի և արցունքաբեր գազի։ Դեռ։
Ի՞նչ կլինի հետո։ Զառ նետենք ու դիտարկենք չորս հնարավոր տարբերակները։
1) Ոչինչ։ Իշխանությունները հասկացան, որ կարելի է ուժը խնամքով կիրառել՝ առանց տառապյալներ ստեղծելու ու արևմտյան գործընկերներին զայրացնելու։ Ցույցերը լուռ կշարունակվեն, օրենքի շրջանակներում, մարդիկ կհոգնեն, կսառեն, կգնան տներով՝ դիմացը Նոր տարի է։ «Վրացական երազանքը» հին ձևերով ընտրություններ կկազմակերպի, ձեռքի հետ իրենց լրատվականների ու ֆեյսբուքյան բոտերի միջոցով մարդկանց համոզելով, որ ակցիաներին միայն մարմնավաճառներն ու թմրամոլներն են գնում։ Իվանիշվիլին բոլորին կհիմարեցնի, բոլորը կհանգստանան մինչև հաջորդ խոշոր առիթ։
2) Կսկսեն ծեծել։ Կարևոր չէ ով կամ ում․ ցույցերին մահակներով ու Մոլոտովի կոկտեյլներով մարդիկ կհայտնվեն կամ ոստիկանության նյարդերը չեն դիմանա։ Այստեղ կանխատեսելը բարդ է․ մի անգամ 90-ականներին մեր մոտ տանկերով քաղաքացիական պատերազմ էր Ռուսթավելիի վրա, մի անգամ 2000-ականներին անարյուն հեղաշրջում էր, մի քանի անգամ տարբեր ժամանակներում՝ ոչինչ, բացի արյունից ու կոտրված ոսկորներից։
3) Արտահերթ ընտրություններ։ Դրանք հնարավոր են երկրորդ և չորրորդ սցենարներից ելնելով կամ պարզապես իշխանության ցանկությամբ։ Եթե ընտրությունները հիմա անցկացվեն և հին համակարգով, ապա ամենայն հավանականությամբ իշխանությունը նորից մեծամասնություն կունենա։ Իվանիշվիլին բոլորին կհիմարեցնի, բոլորը կհանգստանան մինչև հաջորդ խոշոր առիթ։
4) Զիջումներ իշխանությունների կողմից։ Իշխող կուսակցությունը պահում է իր խոստումը ընտրությունների հետ կապված, կառավարությունը հրաժարական է տալիս (սա նոր ակցիաների պահանջն է)։ Ինչը կարող է իշխող կուսակցությանը նման քայլի դրդել՝ պարզ չէ։ Տարբերակներն են․ ակցիաների իրոք զանգվածային դառնալը (տասնյակ֊հարյուրավոր հազար մարդիկ օրերով, շաբաթներով, ամիսներով…), ճնշում Արևմուտքից, սպառնալիքներ խոշոր ներդրումների և գործարքների հետ կապված, հանկարծակի անկեղծություն վերևից, իշխանության վրա դաժան ու իրական կոմպրոմատ։
Թեմո Կիղուրաձե
լրագրող Թբիլիսիից
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ