Home / Առողջապահություն / Հայաստանը բանակցում է կորոնավիրուսի դեմ սպասվող պատվաստանյութ գնելու շուրջ

Հայաստանը բանակցում է կորոնավիրուսի դեմ սպասվող պատվաստանյութ գնելու շուրջ

Աշխարհում արդեն 100-ից ավել թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ կորոնավիրուսի դեմ, այսպես կոչված, վերջնական պատվաստանյութ։ Սակայն դրանցից մոտ 20-ն են, որ, հնարավոր է, հենց նման արդյունքի բերեն։

Կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ Հայաստանն արդեն բանակցություններ է վարում հետագայում պատվաստանյութ ձեռք բերելու շուրջ։

«Պատվաստանյութերը երեք փուլով են հետազոտվում՝ շատ քիչ թվով անձանց վրա, հետո՝ մոտ հարյուր, հետո՝ տասնյակ հազարների։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ, ամենայն հավանականությամբ, լինելու է մի քանի պատվաստանյութ, ինչը շատ կարևոր է, որովհետև նմանատիպ վիրուսի դեմ երբևէ պատվաստանյութ չէր ստեղծվել», – ասել է Թորոսյանը՝ նշելով, որ Հայաստանը բանակցյություններ է վարում երկու ուղղություններով։

«Օրինակ, երեկ խոսել եմ Մոդեռնա ընկերության տնօրենի հետ, որը մեր հայրենակից [ձեռնարկատեր] Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է, և այդ վակցինան՝ արտադրական անվանումը ՄՌՆ 1723, եթե չեմ սխալվում, ամենահավանական թեկնածուներից մեկն է։

Ինչպես նաև բանակցում ենք ԱՀԿ և ՅՈՒՆԻՍԵՖԻ պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել, այսինքն՝ մեծաթիվ երկրների համար՝ մեծաթիվ քանակներ, որպեսզի հավասարաչափ բաշխում տեղի ունենա»։

Տարբեր գնահատականներով, պատվաստանյութը հասանելի կլինի երկրներին 2020 թվականի վերջին կամ 2021-ի սկզբին։ Ամենամեծ վտանգի մասին խոսելով, նախարարն ասել է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից կգնեն նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը, իսկ մյուս երկրները դրանք շատ ուշ ստանան․ «Օրինակ, հասանելի լինի 21 թվականի սկզբում կամ 20 թվականի վերջում, իսկ երկրների մի խմբի հասնի, օրինակ, դրանից ևս մեկ տարի հետո։ Դրա համար շատ կարևոր է այդ բանակցությունները վարել հենց այսօրվանից»։

Թորոսյանի համոզմամբ՝ պատվաստանյութ լինելու է և փոխելու է իրավիճակը՝ թույլ տալով վերադառնալ առանց դիմակների և այլ կանոնների կյանքին։

«Առավել ևս այս լուրի ֆոնին պետք է խստացնենք մեր կարգապահությունը, որպեսզի մարդկանց չդատապարտենք մահվան, – իր հերթին, նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ – Էլի ուզում եմ ընդգծել, որ մահերի թիվը կոնկրետ կախված է վիճակագրությունից։ Ենթադրենք, եթե շատ կոպիտ ձևակերպենք, 590 երեկվա ախտորոշված դեպքերը նշանակում են, որ 11 մարդ այդ օրվա վիճակագրության բերումով մահանալու է։ Իհարկե, մեծ մասը բուժվելու է, բայց էլի մեզնից յուրաքանչյուրը, հակահամաճարակային կանոնը չպահելով, ամենայն հավանականությամբ, մահվան է դատապարտում մի ուրիշ քաղաքացու, բայց մեզնից յուրաքանչյուրը չի կարող երաշխավորել, որ այդ քաղաքացին հենց ինքը չի լինի, իր հարազատը չի լինի»։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 593 նոր դեպք, 473 հոգի ապաքինվել է, արձանագրվել է մահվան 10 դեպք․ 6-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ «այլ պատճառներով»։

Այս պահին փաստացի (տնային պայմաններում կամ հիվանդանոցներում) բուժում է ստանում 11 010 պացիենտ:

Կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահերի թիվը կազմում է 459 (այլ պատճառներով՝ 153)։

Բուժվածների ընդհանուր թիվը 15 036, հաստատված դեպքերի՝ 26 658։