Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտահոգություն է հայտնել Եվրոպական և նախկին ԽՍՀՄ երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր ալիքով: Կարանտինային սահմանափակումների վերացումից հետո վիրուսի տարածումը սկսվել է նոր թափով, նշում է ԱՀԿ-ն:
Կազմակերպությունը տագնապալի միտում է տեսնում 11 երկրներում՝ Հայաստանում, Շվեդիայում, Մոլդովայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ղրղզստանում, Ուկրաինայում և Կոսովոյում:
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Քլյուգեն հայտարարել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում 30 երկրներում վարակվածների թվի աճ է գրանցվել: «Եթե ոչինչ չարվի, Եվրոպայում առողջապահական համակարգերը նորից գերծանրաբեռնված կլինեն», – ասել է նա:
Ամբողջ աշխարհում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրով վարակման ավելի քան 9 միլիոն 600 հազար դեպք։ Համավարակի հետևանքով մահացել է 489 հազար մարդ:
Հունիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23 247 դեպք, որոնցից 12 149-ն` առողջացած, 410-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 557 պացիենտ: