«Երեկ էլի ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք կատարված 2 236 հետազուտություններից։ Տոկոսի առումով ընդհանուր թվի մեջ կրկին տատանվում է նոր դրական դեպքերի թիվը 30 տոկոսի շրջանակներում՝ կատարված հետազոտություններից»։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ թեկուզ իրավիճակը կայուն է, այն շարունակում է լարված մնալ։
Հոսպիտալիզացիայի հետ կապված իրավիճակը նախարարը բարվոք անվանեց, «ինչպես վերջին մի քանի օրերին՝ կիրակի օրվանից սկսած»․
«Առավոտյան ժամը 9։00-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունեն տեղափոխման կորոնավիրուսային հիվանությամբ զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը երկուսն են գտնվում տանը։ Այսինքն մնացած 49 գտնվում է այլ հիվանդանոցներում։
Այս իմաստով իրավիճակը կարող ենք գնահատել լավ։
Բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղ կա, բայց դրանց ազատվելն ու զբաղվելը շատ արագ է տեղի ունենում, այսինքն որպես այդպիսին կարիք ունեցող և ստացող քաղաքացի մենք չունենք, սակայն դա չի նշանակում, որ վիճակն ինչ-որ առումով բարելավվել է»։
Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը նույնպես կայուն է՝ տատանվում է 600-ի շրջանակներում․ 502 պացիենտ ծանր վիճակում է գտնվում, 113՝ ծայրահեղ ծանր։
Թոքերի արհեստական օդափոխության սարքերին այս պահի դրությամբ միացված է 40 հոգի։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ համաձայն վերլուծությունների, երիտասարդների մոտ՝ հայտնաբերված դեպքերի շրջանում, տարածվածության տեմպը չի աճում, սակայն տարեցների շրջանում հակառակն է․ որքան տարիքը բարձրանում է, այնքան աճում է վարակի տարածման տեմպը։
«Ունենք նաև աշխարհագրական վերլուծություններ։ Օրինակ, Վանաձոր քաղաքում տեմպն աճել էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Երևանի տարբեր վարչական շրջաններում տարբեր տեմպեր էին, բայց գնում է կայունացում։ Կարծես թե, Երևանը դառնում է մի մեծ օջախ, որովհետև առաջ մենք ակտիվ օջախներ ունեինք հիմնականում Շենգավիթում և Մալաթիա-Սեբաստիայում, հիմա այդպիսի տարանջատում պրակտիկորեն չկա», – մասնավորապես, ասել է Թորոսյանը։
Անցած օրվա տվյալները կհրապարակվեն ժամը 11։00-ին։