Դաղստանում 10 օրով կալանավորել են 80 ադրբեջանցիների, ովքեր ոստիկանության հետ բախումների էին գնացել Դաղստանի Դերբենտի շրջանի Քուլար գյուղի վրանային ճամբարում։ Այս մասինն Ինտերֆաքսին պատմել է Մագարամկենտսկի շրջանի ղեկավար Ֆարիդ Ահմեդովը։ Կոնկրետ ինչում են մեղադրում բերման ենթարկվածներին՝ նա չմանրանմասնեց։
Ռուս֊ադրբեջանական սահմանին հավաքված Ադրբեջանի քաղաքացիները պահանջում են բացել սահմանն ու թույլ տալ վերադառնալ տուն: Հարյուրավոր քաղաքացիներ շաբաթներ շարունակ գիշերում են բաց երկնքի տակ։ Ոմանք անտանելի պայմաններին չդիմանալով՝ վերադարձել են Ռուսաստան։ Սահմանի բացմանը սպասողներից մեկն անցյալ ամիս մահացել է։ Հավաքվածների մի մասը որպես բողոքի նշան հացադուլ է իրականացնում։
Ոստիկանության աշխատակիցների և սահմանապահներիմիջև բախումները տեղի են ունեցել հունիսի 15-ին՝ համավարակի պատճառով փակված սահմանների ֆոնին։ Ռուսաստանի քննչական կոմիտեի փոխանցմամբ, Ադրբեջանի շուրջ 400 քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ու պահանջում էին թույլատրել վերադառնալ հայրենիք։ Ցուցարարները փակել էին «Կավկազ» մայրուղին, ծառայողական մեքենաներ էին վնասել ու քարեր նետել իրավապահ մարմինների ուղղությամբ։ Կան տուժած ոստիկաններ։ Իրավապահներն ի պատասխան օդ էին կրակում, մարդկանց ցրում էին մահակներով, արցունքաբեր գազ էին օգտագործում։ Ավելի վաղ հայտարարվել էր 93 ադրբեջանցիների ձերբակալության մասին։
Համաճարակի տարածումը երկրում կանխելու նպատակով Ադրբեջանի իշխանություններն ապրիլի 5-ից փակել են սահմանները։ Պարբերաբար սահմանն անցնելու թույլտվություն է տրամադրվում սահմանափակ թվով մարդկանց, իսկ վերադառնալուն սպասող քաղաքացիների թիվը գնալով ավելանում է։ Այս պահին Դերբենտի շրջանում իր հերթին է սպասում մոտ 650 քաղաքացի։