Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Մ․ Թրեյսին openDemocracy կայքի հետաքննությունից հետո հայտարարել է, որ ամերկացի հարկատուների գումարներն այլևս չեն ուղղվի COVID-19-ի մասին ապատեղեկատվություն տարածած կայքի ֆինանսավորմանը, հայտնել է openDemocracy․net-ը։
openDemocracy-ն անցած շաբաթ բացահայտել էր, որ ԱՄՆ դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով հիմնված Medmedia.am պրոֆիլային կայքն ապատեղեկատվություն է տարածում համավարակի մասին․ կայքի ամենաընթերցված հոդվածը, օրինակ, կոչ է անում հրաժարվել կորոնավիրուսի պատվաստումային ցանկացած ծրագրից, որոշ հոդվածներ կորոնավիրուսը «կեղծ համավարակ» են անվանում, պատվաստումները՝ «կենսաբանական զենք», ինչպես նաև պնդում, որ դիահերձարանը փորձել է COVID-19-ի հետևանքով մահվան կեղծ դեպք արձանագրել։
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակական քննադատության է ենթարկվում համավարակի պայմաններում չապացուցված պնդումների և դավադրությունների տեսությունների տարածման համար, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի՝ openDemocracy-ի հետաքննության վերաբերյալ հարցերին, նշել է. «Մենք կտրականապես դեմ ենք ապատեղեկատվությանը, որը շփոթեցնում է հասարակությանը և հատկապես չի օգնում համաճարակի նման իրավիճակում»։
Թրեյսին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հնարավորինս աջակցում է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, և տեղեկացրել, որ դեսպանությունը չի երկարաձգել Medmedia.am կայքի ֆինանսավորումը՝ «շատ խնդրահարույց» բովանդակության պատճառով։
Դեսպանի խոսքով, «կայքն ավելի մեծ դրամաշնորհի մաս էր կազմում», որը տրամադրվել էր տեղական մի կազմակերպության, որի առաջարկած նախագիծը պետք է կենտրոնանար առողջապահության ոլորտում կոռուպցիայի նվազեցման վրա: Դրամաշնորհը տրամադրվել է մոտ մեկ տարի առաջ․ դեսպանը հայտնել է, որ մայիսին սկզբին, «երբ իմացանք, որ կայքում կան որոշ տեքստեր, որոնց բովանդակությունը շատ խնդրահարույց է, ․․․կապվեցինք դրամաշնորհառուի հետ և խնդրեցինք, որ այդ գրառումները հանվեն», սակայն դրամաշնորհառու կազմակերպությունը «կարծում էր, որ սա ազատ խոսքի խնդիր է»։
«Մենք այլ կերպ էինք մտածում։ Մեր կարծիքով՝ ազատ խոսքը պետք է հավասարակշռված լինի նաև կայքի պատասխանատու կառավարմամբ»,- ասել է Թրեյսին՝ հավելելով, որ արդյունքում, «հիմք ընդունելով մեր տեսած այս խնդիրները, որոշեցինք չհաստատել [դրամաշնորհի] երկարաձգման հայտը»։
Դեսպանը նշել է, որ դրամաշնորհն ավարտվել է մայիսի վերջին, և դրամաշնորհառու կազմակերպությունը երկարաձգման հայտ է ներկայացրել, որը չի հաստատվել։ Շարունակում է անհայտ մնալ դրամաշնորհի հստակ չափը․ այն կարող էր կազմել տարեկան մինչև 50,000 դոլար։
Դրամաշնորհ ստացած տեղական կազմակերպության հիմնադիր Գևորգ Գրիգորյանը openDemocracy-ի հետաքննությունից հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Medmedia.am-ը «լսելի է դարձրել ոլորտի մասնագետների ու հասարակական կազմակերպությունների ձայնը»։ Նա հետաքննությունը որակել էր որպես «գլոբալիստներին բնորոշ մանիպուլացիոն «սենսացիա»», և ասել, որ «նշված հոդվածների հեղինակը չի հանդիսանում կայքի աշխատակից, այլ առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ է և մասնագիտությամբ՝ բժիշկ»: