Ադրբեջանի շուրջ 200 քաղաքացիներ արդեն հինգերորդ օրն է հացադուլ են իրականացնում ռուս-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող դաղստանյան Քուլար գյուղում՝ «Տուն ենք ուզում» կարգախոսով։ Հացադուլավորներն ապրիլից սպասում են տուն վերադառնալուն։
Հացադուլավորները պահանջում են բացել սահմանն ու թույլ տալ վերադառնալ տուն: «Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի 700-800 քաղաքացիներ արդեն 44-րդ օրն է գիշերում են բաց երկնքի տակ Դաղստանի տարածքում։ Ոմանք անտանելի պայմաններին չդիմանալով՝ վերադարձել են Ռուսաստան։ Սահմանի բացմանը սպասողներից մեկն անցյալ ամիս մահացել է։
Համաճարակի տարածումը երկրում կանխելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները փակել են սահմանները։ Վերջին 20 օրերին սահմանն անցնելու թույլտվություն տրվել է 271 հոգու։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջան վերադառնալուն սպասող քաղաքացիների թիվը գնալով ավելանում է։